Ընտրվեց ըմբշամարտի ֆեդերացիայի նոր նախագահ
СпортՀայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան երկար դադարից հետո կրկին նախագահ ունի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տեղի է ունեցել ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահության նիստ, որը վարել է Ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, որը շնորհակալություն է հայտնել ֆեդերացիայի նախագահության և մարզչական խորհրդի անդամներին անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում համատեղ աշխատանքի, իրականացրած ծրագրերի և մարզական ձեռքբերումների համար: ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջարկելով ֆեդերացիայի փոխնախագահ Ռոբերտ Խաչատրյանի թեկնածությունը՝ Հ. Ռոստոմյանն ասել է. «Պարոն Խաչատրյանին բոլոր ներկաները ճանաչում են, տեղյակ են նրա հմտություններին և կազմակերպչական կարողություններին: Պարոն Խաչատրյանն իր հերթին լավատեղյակ է ֆեդերացիայի խնդիրներին և, վստահ եմ, ի զորու է գտնել հարցերի լուծման ճանապարհները»: Նա նաև ավելացրել է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շարունակելու է ըմբշամարտին ցուցաբերվող աջակցությունը:
Ներկաների միաձայն քվեարկությամբ ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրված Ռոբերտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար, խոստացել պահպանել ֆեդերացիայում ձևավորված միասնական և համերաշխ աշխատելու մթնոլորտը և նշել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հայկական ըմբշամարտը շարունակելու է լավագույնս ներկայանալ աշխարհին:
Նիստին մասնակցել է նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը:
Ռոբերտ Խաչատրյանը ազատ ոճի ըմբիշ է, եղել է Հայաստանի Հանրապետության չեմպիոն, մեծահասակների և երիտասարդների հավաքականների մարզիչ: