ԵԽԽՎ ամառային նստաշրջանում քննարկվելու է նաև Ադրբեջանի վերջին նախագահական ընտրությունների հարցը
Международные новостиԵվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանում քննարկվելու են Ադրբեջանում 2018թ. տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքները:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
ԵԽԽՎ-ում հունիսի 25-ին ռումինացի պատգամավոր Ռիեկարդ Բադեն ներկայացնելու է Ադրբեջանում ապրիլի 11-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցը:
Ներկայացվելիք զեկույցը, նրա առաջարկություններն ու գնահատականները դեռևս չեն հրապարակվել:
Ինչպես ակնկալվում է, զեկույցում իրավական գնահատական է տրվելու ընտրություններին, դրանց համապատասխանությանը կամ անհամապատասխանությանը ժողովրդավարության նորմերին և Եվրոպայի խորհրդի չափանիշներին:
Զեկույցն արդեն իսկ ցնցումներ է առաջացրել պաշտոնական Բաքվում և ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը դեմ է արտահայտվել ԵԽԽՎ նստաշրջանում Ադրբեջանի նախագահական ընտրությունների հարցը քննարկելու որոշմանը:
Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2018թ. ապրիլի 11-ին: Բազմաթիվ խախտումներով ուղեկցված ընտրություններում հաղթել է «Ենի Ազերբայջան» կուսակցության թեկնածու, իշխող նախագահ Իլհամ Ալիևը:
Հունիսի 26-ին ԵԽԽՎ-ում Լուքսեմբուրգից պատգամավոր Իվա Կրուշենն էլ ներկայացնելու է ԵԽ մի շարք երկրներում հասարակական կազմակերպությունների իրավունքների խախտման վերաբերյալ զեկույցը, որում ընդգրկված է նաև Ադրբեջանը:
Զեկույցում հատկապես ուշադրություն է դարձվելու ԵԽ անդամ մի շարք երկրներում հասարակական կազմակերպությունների գործունեության նկատմամբ օրենսդրական սահմանափակումներ մտցնելու և թշնամական մթնոլորտ ստեղծելու հանգամանքին: