Գերմանացի իրավապաշտպանները կոչ են արել իշխանություններին զենք չվաճառել Թուրքիային
Международные новостиՄի շարք գերմանացի իրավապաշտպաններ կոչ են անում իշխանություններին դադարեցնել Թուրքիային զենքի և զինամթերքի վաճառքը, գրում է artigercek.com կայքը։
Իրավապաշտպանները շեշտել են, որ եթե Գերմանիան ցանկանում է աշխարհում հակամարտությունների դադարեցման նպատակով միջնորդի դեր ստանձնել՝ զենք վաճառելու փոխարեն պետք է երկարատև խաղաղասեր քաղաքականություն որդեգրի և մի կողմ դնի «կարճաժամետ օգուտներ» քաղելուն ուղղված գործողությունները։
Տարածված հայտարարության մեջ նշվել է, որ Գերմանիայի կողմից աճառվող զենքերը Սաուդյան Արաբիայի կողմից օգտագործվում են Եմենում, իսկ Թուրքիայի կողմից՝ սիրիական Աֆրինում։
Ավելի վաղ ընդդիմադիր գերմանացի պատգամավորները մտահոգություն էին հայտնել այն փաստի առնչությամբ, որ Թուրքիային վաճառված զենքն օգտագործվում է Սիրիայի Աֆրին քաղաքում թուրքական ԶՈւ-ի «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակում։
Գերմանիայում անցկացված հարցումներից մեկի ժամանակ էլ պարզվել է, որ գերմանացիների 83 տոկոսը դեմ է, որ իր երկիրը զենք վաճառի Թուրքիային։
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացրել էին, որ այս տարվա մարտի 14-ից ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում Գերմանիան հաստատել է Թուրքիային և Սաուդյան Արաբիային միայն մեկական զինատեսակի վաճառքը։