Նադեժդա Սավչենկոն բաց նամակ է գրել ՌԴ նախագահին
Международные новостиՈւկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն բաց նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով նրան համաներում շնորհել ՌԴ-ում ձերբակալված 66 ուկրաինացու:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Սավչենկոն նամակում գրում է, որ կալանավորված ուկրաինացիների շուրջ ստեղծված իրավիճակը չի կարող իրեն չստիպել «բաց նամակի միջոցով անձամբ դիմելու ՌԴ նախագահին՝ Ուկրաինայի քաղաքացիներին ազատ արձակելու անկեղծ խնդրանքով, որոնք գտնվում են ռուսական բանտերում, մեկուսարաններում»:
Սավչենկոն մատնանշում է, որ խնդրում է համաներել ուկրաինացիներին, որպեսզի հնարավոր դառնա խաղաղությունն ուկրաինացի և ռուս ժողովուրդների միջև: «Վստահ եմ, որ ուկրաինացի և ռուս ժողովուրդները խաղաղությամբ են ապրելու»,- ասվում է նամակում, որը հրապարակվել է Սավչենկոյի ֆեյսբուքյան էջում:
Նամակին կից ներկայացվում է 66 ուկրաինացիների ցանկը:
Սավչենկոն ինքը 22 տարվա ազատազրկման է դատապարտված եղել Ռուսաստանում՝ Դոնբասում լրագրողների սպանությանն առնչություն ունենալու գործով: 2016-ին նրան համաներում է շնորհել ՌԴ նախագահը:
Ներկայում Սավչենկոն կալանքի տակ է գտնվում հայրենիքում: Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը նրան կասկածում է Կիևում ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ: Սավչենկոյին 5 տարուց մինչև ցմահ ազատազրկում է սպառնում: