Իտալիան դեռ սպասում է Մակրոնի ներողությանը. փոխվարչապետ
Международные новостиԻտալիայի փոխվարչապետ Լուիջի Դի Մայոն հայտարարել է հինգշաբթի, որ ինքը սպասում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներողություն կխնդրի երկու օր առաջ Իտալիայի միգրացիոն քաղաքականության մասին նրա քննադատական խոսքերի համար, հայտնում է Reuters գործակալությունը:
«Մենք սպասում ենք ներողության: Եթե ներողություն լինի՝ մենք կարող ենք նոր ճանապարհով ընթանալ: Դեռ ժամանակ կա հետքայլ անելու, ներողություն խնդրելու և նոր տեղից ճանապարհը շարունակելու համար»,- ասել է Դի Մայոն:
Մակրոնը Իտալիայի կողմից իր նավահանգիստների մուտքը ներգաղթյալներ տեղափոխող նավի համար փակելու քայլը որակել էր որպես «ցինիկ ու անպատասխանատու քայլ»: Մակրոնի խոսքերը դարձել են երկու երկրների միջև դիվանագիտական վեճի պատճառ, ինչից հետո Իտալիայի նոր վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտնել է Մակրոնի հետ ուրբաթ կայանալիք հանդիպումը հետաձգելու մտադրության մասին:
«Պետք չէ մեզ գթասրտության դասեր տալ»,- ասել էր Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին՝ ընդգծելով, որ Ֆրանսիան վերջին 3 տարում ընդունել է միայն 640 ներգաղթյալ:
Պաշտոնյան հավելել է, որ Իտալիային գթասրտության դասեր տվող Ֆրանսիան խոսելու փոխարեն ավելի լավ կաներ, եթե ընդուներ մոտ 10.000 ներգաղթյալի, որոնց ապաստան տալու պարտավորություն էր ստանձնել դեռևս 2015թ.:
Սալվինին հիշեցրել է, որ Ֆրանսիայի իշխանությունները հրաժարվել են ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին ապաստան տրամադրել 10.249 ներգաղթյալի, որոնք փորձել են Իտալիայից Ֆրանսիա հասնել: