Wikimedia-ում Երևանի մասին հոդվածները 1 ամիս կթարգմանվեն տասնյակ լեզուներով. Ամենաակտիվ թարգմանողները կհրավիրվեն 2800-ամյակին
КультураYerevan2800.am-ը գրում է.
Հունիսի 15-ին Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մեկնարկել է Wikimedia Հայաստանի և Երևանի քաղաքապետարանի համատեղ «Wiki-ն սիրում է Երևանը»միջազգային խմբագրման միամսյակը, որը կավարտվի հուլիսի 15-ին:
Նպատակը Wikipedia-ում Երևանի մասին հոդվածներն աշխարհի հնարավորինս շատ լեզուներով թարգմանելն է: Խմբագրման միամսյակին արդեն իսկ միացել են աշխարհի տարբեր երկրների Wiki-համայնքների տասնյակ ներկայացուցիչներ:
Նախաձեռնության մեկնարկին ընդառաջ՝ աշխարհի ամենատարածված լեզուներով՝ անգլերենով, ռուսերենով, գերմաներենով, ֆրանսերենով, իսպաներենով և այլ լեզուներով Երևանի մասին հոդվածներ են թարգմանվել, ինչը թույլ կտա այլալեզու Wiki-խմբագիրներին իրենց համար հասկանալի լեզուներով նյութեր ունենալ իրենց Wikipedia-ներում Երևանի մասին հոդվածներ գրելու համար։
Միջոցառման ավարտին ամենից ակտիվ 15 համայնքին հնարավորություն կտրվի այցելել մայրաքաղաք՝ մասնակցելու Երևանի 2800-ամյակի տոնակատարություններին և ծանոթանալու մշակութային ժառանգությանը։
Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Wikimedia Հայաստանը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացնում է «Wiki-ն սիրում է Երևանը» նախագիծը։ Նախաձեռնությունն իրականացվում է Հայաստանի մշակութային կազմակերպությունների օժանդակությամբ:
Դրա շրջանակում, մայիսի 10-12-ը, Հայաստանում անցկացվել է համաշխարհային բարձր հեղինակություն ունեցող GLAM (Galleries, libraries, archives, museums - պատկերասրահներ, գրադարաններ, արխիվներ և թանգարաններ) եռօրյա համաժողովը, որին մասնակցել է Երևանի GLAM կառույցների մոտ 30 ներկայացուցիչ: