Ժամանակն է միջազգային իրավապաշտպան հանրության առջև լրջորեն բարձրացնել Արցախում գործելու հարցը
БлогԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի ուղերձը՝ ՀՀ քաղաքացիական հասարակության սուբյեկտներին. Տարիներ ի վեր ձևավորվել է անարդարացի և ոչ իրավաչափ վիճակ, երբ միջազգային հանրությունը գրեթե չի կատարում մարդու իրավունքների երաշխավորմանը, քաղաքացիական հասարակության զորացմանը, իրավունքի գերակայության ապահովմանն ուղղված ներդրումներ Արցախում՝ զուտ քաղաքական նկատառումներով: Մարդու իրավունքները զոհաբերվում են քաղաքական ինչ-ինչ նկատառումներին հենց մարդու իրավունքների գաղափարախոսության ենթադրյալ կրողների և տարածողների կողմից: Ժամանակն է ճեղքել շրջափակման օղակը, և այս հարցում կարևոր դեր ունի ՀՀ քաղաքացիական հասարակությունը:
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը ակնկալում է, որ այս հարցը կընդգրվի ՀՀ քաղաքացիական հասարակության օրակարգ՝ դառնալով համակողմանի և խորքային քննարկման առարկա, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիական հասարակության սուբյեկտները գործուն քայլեր կձեռնարկեն թե՛ արցախյան գործընկերների հետ համագործակցության զարգացման և թե՛ միջազգային կառույցների ծրագրերը Արցախ բերելու ուղղությամբ:
Մասնավորապես՝
1. ՀՀ և ԱՀ քաղաքացիական հասարակության սուբյեկտներին առաջարկում ենք դիրքորոշում հայտնել խնդրո առարկա հարցերի, ինչպես նաև դրանց հանրային քննարկման արդյունավետ ձևաչափերի վերաբերյալ։
2. Զանգվածային լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերում ակտիվ օգտատերերին խնդրում ենք նպաստել խնդրո առարկայի վերաբերյալ հանրային օրակարգի ձևավորմանը։
ԱՀ մարդու իրավունքների պաշտպանն իր աշխատակազմին հանձնարարել է խնդրո առարկա հարցերով իրականացնել ԶԼՄ-ների և սոցցանցերի մշտադիտարկում, հավաքագրել հրապարակումները և առաջարկները՝ աջակցելով հանրային օրակարգի ձևավորմանը: