Շարունակվում է «Երևանը՝ երեք հանրապետությունների մայրաքաղաք» լուսանկարների ցուցահանդեսի շրջագայությունը
КультураԵրևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված «Երևանը՝ երեք հանրապետությունների մայրաքաղաք» լուսանկարների ցուցահանդեսը շարունակում է շրջագայությունը աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում, ՀՀ մարզերում և Արցախում: Հերթական կանգառը Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքն է:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը և Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը:
Շրջիկ ցուցահանդեսը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպվել է Երևան քաղաքի պատմության թանգարանի և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի կողմից: Անդրանիկ ցուցադրությունը տեղի է ունեցել Լիբանանի Հանրապետության մայրաքաղաք Բեյրութում:
Ցուցահանդեսում ներկայացված են շուրջ 100 լուսանկարներ, որտեղ պատկերված է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի, խորհրդային շրջանի, նաև ներկայիս Երևանը: Այցելուներին ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում տեսնելու հին Երևանի գողտրիկ ու նեղ փողոցներն ու թաղամասերը, խորհրդային ժամանակաշրջանի հանրաճանաչ կառույցները, ժամանակակից երևանյան նորակառույցները, մայրաքաղաքի տեսարժան և ուշագրավ վայրերը:
Նշենք, որ «Երևանը՝ երեք հանրապետությունների մայրաքաղաք» ցուցահանդեսը Աշտարակի մշակույթի տանը կհանգրվանի մինչև հունիսի 29-ը: