Կարեն Աղամյանի անհատական ցուցահանդեսում ներկայացված է վաղ և նոր շրջանի 80 կտավ
КультураՀայաստանի նկարիչների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Աղամյանի կտավներում կինը ներկայացվում է որպես բնության ամենագեղեցիկ երևույթ, իսկ հայրենիքը` մեծարման առարկա: Նկարչի անհատական ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ հունիսի 22-ին նկարիչների միությունում:
«Ներկայացրել եմ վերջին շրջանում արված ստեղծագործություններս, սակայն գործունեությանս ամբողջական պատկերն արտահայտելու համար ընդգրկել եմ նաև վաղ շրջանի գործեր: Ընդհանուր առմամբ ութսուն կտավ է ցուցադրված»,- նշեց Աղամյանը:
Նա խոստովանեց` սովորաբար հեղինակի սրտին ավելի մոտ է ստեղծած վերջին աշխատանքը: Իր համար արժեքավոր գործեր են «Մենթե»-ն, «Գաղթ»-ը:
Արվեստաբան Հրավարդ Հակոբյանը պատմեց, որ մի հանճարեղ նկարչի խոսքով` լավն է այն նկարիչը, ով կարողանում է գաղափարը պատկերավոր ներկայացնել: «Աղամյանի դեպքում գաղափարը երազային ձևով է տեղ հասցվում: Ըստ իս` նրա արվեստն ինտելեկտւալ է, մտածող»,-շեշտեց Հակոբյանը:
Արվեստաբանը հյավելեց, որ Աղամյանն այս ցուցահանդեսով ապացուցում է` իր վրձինը ի վիճակի է ամեն տեսակ գործ ստեղծել:
«Կարեն Աղամյանը հետաքրքիր նկարիչ է և առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հայ կերպարվեստում: Երբ թերթում ես նրա ալբոմը, որտեղ ներկայացրել է նաև 7-14 տարեկանում կատարած աշխատանքներ, պարզապես ապշում ես դրանց կատարման վարպետությունից: Ամեն ինչ մտածված է` գույնը, գիծը, ամեն բան»,-շեշտեց արվեստաբան Սյուզի Փիլիպոսյանը:
Ցուցասրահը լեփ-լեցուն էր նկարչի հարազատներով, հետաքրքրասերներով և արվեստի նվիրյալներով: Այն բաց կլինի մինչև հուլիսի երեքը:
Կարեն Աղամյանը ծնվել է 1946 թվականին Երևանում: Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը և հենց այդ տարի սկսել դասավանդել այդ բուհում։ 1974 թվականից՝ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ Պարգևատրվել է ԽՍՀՄ արվեստների ակադեմիայի և ԽՍՀՄ նկարիչների միության դիպլոմներով։ 1998 թվականին ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ։