«Հրապարակ». Սերժ Սարգսյանը փորձում է իշխանափոխությունը կանխել՝ 12 կետին վերադառնալով
Երեկ երեկոյան «Արմենպրեսին» տված կարճ հարցազրույցում Սերժ Սարգսյանն անդրադարձել է ոչ իշխանական եռյակի պահանջներին, սակայն միայն 12 կետի մասով: Իսկ գլխավոր պահանջը՝ խորհրդարանական եւ նախագահական արտահերթ ընտրություններ, շրջանցել է: Գրում է «Հրապարակ»-ը:
«Ակնհայտ է, որ մենք ուշադրությամբ հետեւում ենք ներքաղաքական գործընթացներին եւ կրկին անգամ ուշադրությամբ արձանագրում ենք բոլոր այն առաջարկությունները, բոլոր այն հարցադրումները, որոնք կարելի կլինի իրականացնել եւ դրա արդյունքում մեկ լավ բան էլ կատարել: Ընդհանրապես իմ հորդորն է, իմ մոտեցումն է իմ կուսակցական գործընկերներին, պետական կառավարման ապարատի ներկայացուցիչներին, որ այդպիսի առաջարկությունները, քննադատությունները չընդունեն որպես թշնամական մի բան, փշերով չընդունեն այդպիսի առաջարկությունները, այլ ուշադրությամբ քննության առնեն եւ զտեն այն օգտակարը, որ կարող է այդտեղ լինել»: Ինչ է զտել ու գտել Սերժ Սարգսյանը, պարզվում է՝ ամենաշոշափելին քառյակի առաջ քաշած 12 կետերն են. «Կառավարությունն ուշադրությամբ ուսումնասիրել է, եւ բոլորին հայտնի է, որ նաեւ մանրակրկիտ պատասխաններ է ներկայացրել: Հիմա ունենք մի իրավիճակ, երբ խորհրդարանական ուժերը կամ եռյակը բավարարված չեն այդ պատասխաններով, իսկ կառավարությունն էլ ասում է' մենք փաթեթի վրա աշխատել ենք, մենք հսկայական գործ ենք կատարել, եւ սա է, օրինակ' այս կետերի մասով սա ենք արել, այս կետերը, տեսնում ենք, որ դեռեւս հնարավոր չէ իրականացնել: Ի՞նչ պետք է անել այս իրավիճակում: Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, եւ այդպիսի առաջարկություն ես կառավարությանն արել եմ, որպեսզի նորից անդրադառնան այդ փաստաթղթին, կետ առ կետ քննարկեն եւ նշեն կոնկրետ այն գործընթացները, որոնցով իրականացնելու են այդ կետերը»:
Սերժ Սարգսյանի այս «մեծահոգությունն» ինչպե՞ս կանդրադառնա շարժման տակտիկայի վրա, հնարավո՞ր է ստիպի Գագիկ Ծառուկյանին որոշ քայլեր վերանայել: Երեկ երեկոյան այս հարցին պատասխանեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ զգուշացնելով, որ իր անձնական տեսակետն է հայտնում: «12 կետի պատասխանները խորությամբ չէին ներկայացվել, դրա համար մենք դժգոհ ենք մնացել ու հայտնել մեր տեսակետը, բայց ինչ որ հանրապետության նախագահն ասել է, վատ չի, քանի որ ժողովրդի կենսամակարդակի, տնտեսական վիճակի մասին է, ինչպես նաեւ Ընտրական օրենսգրքի հետ կապված, բայց ես կարծում եմ, քանի որ շարժումը պրոցեսի մեջ է, չի կանգնելու, այսինքն՝ զուգահեռ կգնան պրոցեսները»: Ըստ Մելքումյանի, սա քաղաքական լուծումներ պահանջող փաստաթուղթ է. «Կառավարությունն ինչպես, երբ կպատասխանի, դա չի կանգնեցնելու մեր միասնական համաժողովրդական շարժման գործընթացները, շտաբներ, ձեւաչափեր եւ այլն, շեղում չի լինելու: Ցանկացած արձագանք պետք է քննարկվի «Բարգավաճի» ու եռյակի չափերով, ես դեռ չեմ կարող մանրամասն ասել»: Սերժ Սարգսյանի հայտարարությունը կարելի՞ է դիտարկել որպես ընդդիմության պահանջներին մեկ քայլով ընդառաջ գնալ: «Եթե մեր օրակարգում կան սահմանադրական փոփոխությունների կասեցում, 12 կետ, Ընտրական օրենսգիրք՝ համամասնականին անցնելու պահանջով, ուրեմն կարելի է համարել քայլերից մեկը, թե ինչ խորություն ունի, դեռ չգիտենք»: Սահմանադրական փոփոխությունների մասով Սարգսյանը վերահաստատել է իր մոտեցումները. «Երկրորդ խնդիրը, իհարկե, սահմանադրական բարեփոխումներն են, իմ մոտեցումները բոլորին հայտնի են. ես կարծում եմ' մենք այս ժամանակահատվածը' մինչեւ փետրվար, կօգտագործենք արդյունավետ' քաղաքական ավելի մեծ կոնսոլիդացիայի հասնելու, որովհետեւ առանց կոնսոլիդացիայի, առանց քաղաքական ուժերի սատարման դժվար է ստանալ լավ փաստաթուղթ, դժվար է ստանալ լավ Սահմանադրություն:
Շարունակությունը' թերթի այսօրվա համարում: