Պարզվել է «Դիվա» գիշերային ակումբում ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը (ֆոտո)
ОбществоԻրավապահները պարզել են «Դիվա» գիշերային ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի եւ կրակոցների հետեւանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների եւ վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը:
Shamshyan.com-ը հայտնում է, որ հիվանդանոց են տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչ՝ 34-ամյա Հրայր Վարդանյանը եւ Երեւանի բնակիչ՝ 27-ամյա Յուրի Փուրթոյանը: Պարզվել է, որ նրանց հետ վիճաբանել են Երեւանի բնակիչներ՝ 25-ամյա Գագիկ Գալստյանը եւ 29-ամյա Մերուժան Դեմուրչյանը։
Գագիկ Գալստյանը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել: Նրա մոտ եղել է նաեւ հանցագործության գործիք ատրճանակը, որով նա ծեծկռտուքի ժամանակ կրակոցներ է արձակել, իսկ Մերուժան Դեմուրչյանը ոստիկանների եւ քննիչների բացատրական աշխատանքների շնորհիվ մեղայականով ներկայացել է քննչական բաժին: Ատրճանակն առգրավված է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական, մատնադրոշմային, հետքաբանական, իսկ վիրավորներին էլ տրվել է դատաբժշկի ուղեգիր։
Կասկածյալներ Գ.Գալստյանն ու Մ.Դեմուրչյանը ստորագրությամբ ազատ են արձակվել։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Բագրեւանդ թաղամասում գտնվող «Դիվա» գիշերային ակումբում հունիսի 23-ի լուսադեմին ծեծկռտուք է տեղի ունեցել:
Հիվանդանոց են տեղափոխվել 2 երիտասարդ՝ «կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ, որոնք, ըստ բժշկի, ի վիճակի չեն եղել բացատրություն տալ: