Մշակույթի նախարարությունը համալրում է հուշարձանների պետական ցուցակները
КультураՀՀ մշակույթի նախարարությունը տարածել է հայտարարություն պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակների համալրման վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հայտարարության մեջ ասվում է.
«Հայաստանի Հանրապետության պատմամշակութային հուշարձանների ճակատագրով մտահոգված հարգելի քաղաքացիներ,
ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ նախաձեռնում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակների համալրում նոր հուշարձաններով:
Համալրումը կկատարվի փուլային տարբերակով և պարբերաբար:
Խորհրդային Հայաստանի մոդեռնիստական ճարտարապետության բազմաթիվ կառույցներ բարձր են գնահատվում հայ և միջազգային մասնագետների կողմից, տպագրվում են հեղինակավոր ամսագրերում ու գրքերում, սիրված են մեր քաղաքացիների և հյուրերի կողմից, բայց քչերն են ներառված հուշարձանների պետական ցուցակում:
Բարձր գնահատելով հասարակության մասնակցության դերը՝ խնդրում ենք հայտնել Ձեր առաջարկությունները Խորհրդային Հայաստանի մոդեռնիստական ժառանգության այն քաղաքաշինական և ճարտարապետական կառույցների, մոնումենտալ արվեստի նմուշների ու կոթողների վերաբերյալ, որոնք ձեր կարծիքով արժանի են ընդգրկվել ցուցակներում և վերցնել պետության պաշտպանության տակ:
Խնդրում ենք Ձեր առաջարկությունները ներկայացնել t.galstyan@mincult.am էլեկտրոնային փոստին»: