Արթուր Գրիգորյանը հանձնարարել է ՀԱԷԿ-ի արդիականացման աշխատանքներն իրականացնել սահմանված ժամանակացույցին համապատասխան
ЭкономикаՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ ՀԱԷԿ-ում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացման, երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքի վերաբերյալ:
Քննարկման ընթացքում նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես՝ լինել խիստ հետևողական, որպեսզի արդիականացման, վերազինման աշխատանքներն իրականացվեն պատշաճ և սահմանված ժամանակացույցին համապատասխան: Այս մասին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Այնուհետև Արթուր Գրիգորյանը շրջայց է կատարել կայանում, եղել տուրբինային արտադրամասում, տեղում ծանոթացել վերանորոգման, արդիականացման աշխատանքների ընթացքին, առաջիկա անելիքներին։