Դոնբասում պահպանվում է լարված իրադրությունը. ԵԱՀԿ
Международные новостиԵԱՀԿ-ի դիտորդներն Ուկրաինայի արևելքում տիրող իրադրությունը գնահատում են՝ լարված և շարունակում են գրանցել զենքի կիրառման և տեղափոխման առանձին դեպքեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է առաքելության հերթական ամենօրյա զեկույցում, որը հրապարակված է կազմակերպության կայքում: Այն նաև հաղորդել է ուկրաինացի զինվորականների կողմից պահակակետում իր մի խումբ աշխատակիցների բռնելու մասին:
Հաշվետվության մեջ նաև տվյալներ կան «ծանր սպառազինությամբ» և առանց տարբերանշանների երկու ավտոշարասյան վերաբերյալ Դոնեցկից արևելք ընկած շրջանում, որոնք շարժվում էին «արևմտյան ուղղությամբ»: Ընդսմին, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ԵԱՀԿ-ի աշխատակիցները եզրակացություններ չեն անում տեխնիկայի հնարավոր պատկանելության մասին:
Ինչպես հաղորդել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը, հանրապետության ղեկավար Պորոշենկոն և ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկելով Դոնբասի իրադրությունը, նահանջ են արձանագրել Մինսկի համաձայնությունների իրագործումից:
«Պյոտր Պորոշենկոն և Ջոզեֆ Բայդենը նահանջ են արձանագրել Մինսկի պայմանավորվածությունների իրագործումից, ինչը տանում է հետագա էսկալացման»,- նշվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:
Բայդենը նշել է, որ Ռուսաստանը կարող է «ավելի մեծ գին» վճարել Ուկրաինայի վերաբերյալ Մինսկի համաձայնությունները չկատարելու համար:
Կողմերը քննարկել են նաև Բայդենի՝ նոյեմբերի 21-ին Ուկրաինա կատարելիք այցը: