Բաց մարդ է՝ առանց երկրի առաջին դեմքին բնորոշ ձևականությունների. Լապշինը ԱՄՆ- ում հանդիպել է ՀՀ նախագահին
ОбществоԲլոգեր Ալեքսանդր Լապշինը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հանդիպել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել Facebook-ի իր էջում՝ հրապարակելով ՀՀ նախագահի հետ երկու լուսանկար:
«Վաշինգտոնում ծանոթացա Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Զարմանալիորեն բաց, ուրախ մարդ է՝ առանց երկրի առաջին դեմքին բնորոշ ձևականությունների»,- գրել է բլոգերը:

Նա նաև հետգրություն է թողել, որում համոզմունք է հայտնել, թե իր այս հրապարակումը ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից այլ կերպ է ընկալվելու: «Վաղը բոլոր ադրբեջանական ԶԼՄ-ներում. «Լապշինն ամբողջությամբ հանձնվել է: Հաղթական Նավթաստանի հետախուզությունը հայտնաբերել է նրա նկարը նախագահի հետ: Նշանակում է՝ հաստատ դաշնակներից փող է ստացել»,- ծաղրել է Լապշինը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 26-ին եռօրյա այցով ժամանել է ԱՄՆ՝ Վաշինգտոն, մասնակցելու Միացյալ Նահանգների գիտահետազոտական և մշակութային կենտրոններից մեկի` Սմիթսոնյան ինստիտուտի ամենամյա «Ազգային կյանք» փառատոնին, որը նվիրված կլինի հայկական մշակութային ժառանգությանը:
Նա մասնակցել է ԱՄՆ Սենատի Դըրքսեն մասնաշենքում տեղի ունեցած՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելությանը, որտեղ հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես անդրադարձել է Հայաստանի առաջին հանրապետության դերին ու նշանակությանը, կարեւորել Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերություններն ու դրանց խորացման անհրաժեշտությունը, խոսել հզոր ու զարգացած երկիր ունենալու մասին, որով աշխարհի բոլոր հայերն իրենց հպարտ կզգան:
Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակ»-ի մեջ էր ներառել առանց իրենց հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով:
Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7-ին մերժել էր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:
Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 20-ին հրապարակվել էր ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռ. նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման:
2017 թվականի սեպտեմբերի 11-ին Իլհամ Ալիևը ներում շնորհեց Լապշինին: