Նիկոլայ Բաղդասարյանը բացահայտ ստում է. Մելանյա Առուստամյան
ОбществоՀեղափոխությունից հետո էլ որոշ փաստաբաններ շարունակում են թիրախավորել փաստաբանների պալատը: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի կողմից մամուլում շրջանառվող վերջին քննադատությունների վերաբերյալ զրուցեցինք ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանի հետ:
- Տիկին Առուստամյան Նիկոլայ Բաղդասարյանը և այլ փաստաբաններ ամենաարագն են արձագանքում Արա Զոհրաբյանի ցանկացած հրապարակային հայտարարության: Ընդ որում բացասաբար են մեկնաբանում Զոհրաբյանի յուրաքանչյուր խոսքը, այնուամենայնիվ, ըստ Ձեզ, ինչ կա նման օպերատիվության և մոտեցման հիմքում:
- Բաղդասարյան Նիկոլայն ինչպես միշտ իր դերի մեջ է: Ավելի երկար ստաժ ունեցող փաստաբանները ճանաչում են Նիկոլայ Բաղդասարյանին(Կոլիկին) և նրա գործերը: Փաստաբանական դպրոցի տնօրեն նշանակվելու պահից էլ մենք հասկացանք, որ այդ դպրոցը չի կայանալու: Փաստաբանական դպրոցի առաջին ունկնդիրները երկար ժամանակ համակարգիչներ անգամ չունեին, բայց նա իր անձնական աշխատասենյակը կահավորել էր թանկարժեք կահույքով և տեխնիկայով: Իսկ դպրոցում նրա կազմակերպած ուսուցման գործընթացի արդյունավետության մասին չեմ էլ ցանկանում խոսել, քանի որ նա ընդհանրապես վերացրել էր մասնագիտական ուղղվածությունները և դասընթացը տրվում էր միայն քաղաքացիրավական մասնագիտացմամբ: Եթե այսպես շարունակվեր, ապա որոշ ժամանակ անց չէինք ունենալու քրեական գործերով մասնագետներ:
- Նիկոլայ Բաղդասարյանը խոսում է նաև փաստաբանների դեմ մամուլում հոդվածներ պատվիրելու մասին՝ ընդգծելով, որ ՓՊ նախագահը և այլ փաստաբաններ իրենց իներտ են պահել և չեն խառնվել:
- Նիկոլայ Բաղդասարյանը բացահայտ ստում է: Երբ, որ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը հայատարեցին, իբրև իրենց նկատամբ հոդված է պատվիրվել պալատի նախագահի կողմից, պալատում կազմակերպվեց հանդիպում բոլոր փաստաբանների համար: Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և Կոլիկը չեն ներկայացել այդ հանդիպմանը, որին մոտ 150 փաստաբան էր մասնակցում: Արա Զոհրաբյանը պատասխանել է բոլորի հարցերին, ավելին ժխտել է իր կապը այդ հոդվածների հետ: Իսկ պալատի աշխատակազմի ղեկավարը կարգապահական պատասխանատվության էր ենթարկել Պալատի նախորդ խոսնակին՝ հանրային պաշտպանին օժանդակելու համար:
- Նիկոլայ Բաղդասարյանը խոսում է նաև այն մասին, որ անձամբ Դուք էլ եք նրան վարկաբեկող հայտարարություններ արել սոցցանցերում:
- Սա ընդամենը կրկնակի սուտ է: Ես իմ ասելիքը միշտ ուղիղ ասել եմ նրա երեսին և սոց ցանցերում նրան վիրավորող արտահայտություններ թույլ չեմ տվել: Առհասարակ նման գործելաոճ չունեմ: Եվ ավելին, կարծում եմ, որ փաստաբանների պալատի խորհրդի ընդդիմախոսները, եթե ասելիք ունեն, ապա առնվազն պետք է համարձակություն դրսևորեն մասնագիտական հարթակում իրենց ասելիքը ներկայացնելու, ինչից մշտապես հրաժարվում են: Կրկին անդրադառնալով Նիկոլայ Բաղդասարյանի դպրոցի գործելակերպին՝ ուզում եմ հիշեցնել նրան, որ նշանակման պահից իսկ նա լեգիտիմ չի եղել, խորհրդի քվորումը այդ օրն ապահովված չի եղել, սակայն նրան խորհրդի մի քանի անդամներով՝ Ռուբեն Սահակյանի գլխավորությամբ նշանակել են դպրոցի տնօրեն: Հիշենք, որ աա նույն Նիկոլայն է, ով իրեն նշանակած Ռուբեն Սահակյանի վարքագիծը սկսեց քննարկել, երբ Ռուբեն Սահակյանն այլևս Պալատի նախագահ չէր:
-Զոհրաբյանն իր վերջին հայտարարության մեջ մտահոգություն էր հայտնել ԱԱԾ-ի և Ոստիկանության գործունեության մասին՝ նշելով, որ մարդկանց բնակարան կամ տնտեսական գործունեության տարածքներ մուտք գործելիս և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելիս, եթե դրանք զուգահեռ լուսաբանվում են, պետք է հասարակությանը տեղեկացնել, թե ինչ առիթի և հիմքի պայմաններում է նման միջամտության անհրաժեշտություն առաջացել: Հակառակ դեպքում դա կարող է ընկալվել կամայական և ընտրողական (անձնավորված) միջամտություն, որը եթե հանրային այս վստահության ֆոնին գովելի է, ապա վաղը կարող է դառնալ չարիք նույն հասարակության համար: Նիկոլայ Բաղդասարյանը հակադարձել էր, որ Արա Զոհրաբյանը քրեական գործերով մասնագիտացված չէ և քննադատել էր այս հայտարարությունը նույնպես՝ այն համարելով սխալ: Մասնավորապես, ըստ Բաղդասարյանի՝ Սահմանադրությամբ թույլատրվում է անձի սեփականություն մուտք գործել, եթե կա դատարանի որոշում։ Եթե կա դատարանի որոշում, ապա ցանկացած տարածքում կարելի է խուզարկություն իրականացնել։ Տվյալ դեպքում ոչ թե Արա Զոհրաբյանը պետք է մտահոգություն հայտնի, այլ տվյալ գործերով փաստաբանները, եթե նման անհրաժեշտություն են տեսնում:
- Նախ ակնհայտ երևում է, որ Նիկոլայ Բաղդասարյանը խեղաթյուրում է փաստերը: Այսպես, Արա Զոհրաբյանը մտահոգությունները ներկայացրել է որպես փաստաբանի մտահոգություն: Դա երևում է նաև տեքստից: Նա Պալատի անունից չի հանդես եկել: Երկրորդ, Արա Զոհրաբյանը չի պնդել, որ սեփականության իրավունքը բացարձակ իրավունք է, հակառակը նշել է, որ մարդկանց իրավունքներին միջամտելը լուսաբանելու դեպքում, պետք է լուսաբանվեն նաև դրա առիթը և հիմքը: Երրորդ, պալատի նախագահը քրեական գործերով էլ մասնագիտացված է և դրա մասին քաջատեղյակ է նաև Նիկոլայ Բաղդասարյանը: Նա ունեցել է նաև արդարացումներ քրեական գործերով: Վերջերս փաստաբան Արշավիր Խալափյանը արդարացվեց և այդ գործով պաշտպան էր նաև Արա Զոհրաբյանը:
- Նիկոլայ Բաղդասարյանը նշում էր, որ Արա Զոհրաբյանը նախկինում Սերժ Սարգսյանի օգտին էր խոսում, հետո Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև նախկինում կարգապահական վարույթներ են հարուցվել փաստաբանների նկատմամբ:
- Նիկոլայ Բաղդասարյանը վերջերս մտել է քաղաքականություն և անուղղակի խառնել է մասնագիտականը քաղաքականի հետ: Պալատի նախագահը իր բոլոր հայտարարություններում խոսել է մարդու իրավունքների պաշտպանության մասին: Նախկինում էլ Սերժ Սարգսյանի օրոք, պալատի նախագահը և խորհրդի անդամները բարձրաձայնել են իրավունքի խախտումների մասին: Մասնավորապես, փաստաբանների ռեեստր սահմանելու հարցը, կուտակային կենսաթոշակի սահմանադրականության հարցը, դատական տուգանքի, փաստաբանների իրավունքների խախտումների հետ կապված (այդ թվում՝ Լուսինե Սահակյանի, Արայիկ Պապիկյանի, Արա Զաքարյանի, Տիգրան Հայրապետյանի և այլոց) հարցերը հրապարակային կարգով բարձրացվել են: Եթե հիշում եք Արա Զոհրաբյանն իր ելույթում բացահայտ խոսել էր Պանարմենիա մեդիագրուպի հետապնդման մասին, որը պատկանում էր Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին: Այսօր էլ որոշ լրատվամիջոցներ, որոնք գտնվում են նշված անձի ազդեցության ոլորտում, ինչպես նաև 1-ին.am լրատվական կայքը, շարունակում են միակողմանի մեկնաբանել Փաստաբանների պալատի գործունեությունը:
- Նիկոլայ Բաղդասարյանը նշում էր, որ Արա Զոհրաբյանը ցածր վարկանիշ ունի փաստաբանների մոտ:
- Փաստաբանների մոտ վարկանիշ ունենալ չունենալը դրսևորում է ընտրություններով: Մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ՓՊ նախագահի ընտրությունների արդյունքում՝ 1087 փաստաբաններից 1002-ը կողմ են քվեարկել Արա Զոհրաբյանին, այսինքն մոտ՝ 92 տոկոսը: Փաստաբանների պալատում ժողովրդավարական կարգերը վաղուց են հաստատված: Մեզ մոտ ընտրությունները անցկացվում են ազատ և թափանցիկ: Հետևաբար Նիկոլայ Բաղդասարյանը այստեղ էլ բացահայտ ստում է:
Եվ վերջում կցանկանայի մի խորհուրդ տալ Նիկոլայ Բաղդասարյանին՝ յուրաքանչյուր հնչեցվող քննադատություն պետք է լինի առողջ և առարկայական: Պետք չէ իներտության մեջ մեղադրել Ձեր գործընկեր փաստաբաններին միայն այն բանի համար, որ Ձեր և մի քանի փաստաբանների կարծիքը չեն կիսում: Ես որպես ՀՀ քաղաքացի ձգտում եմ արդարության: Եվ համարում եմ, որ յուրաքանչյուր առողջ, ճիշտ քննադատություն և առաջարկ անհրաժեշտություն է արդարության հասնելու ճանապարհին: