Սահմանամերձ Արտանիշում իրականացվում են կենսական նշանակության ծրագրեր
ОбществоԳեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Արտանիշ գյուղում ավարտվել կամ ընթացքի մեջ են գտնվում կենսական նշանակության մի շարք ծրագրեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շողակաթ խոշորացված համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, արդեն ավարտվել է լուսավորվածության ցանցի կառուցումը 680 գծամետր երկարությամբ, որի վրա տեղական բյուջեի միջոցներից ծախսվել է 932 հազար դրամ: 1 միլիոն 325 հազար դրամի ներդրմամբ գազաֆիկացվել են գյուղի միջնակարգ դպրոցի եւ հանդիսությունների սրահի շենքերը:
«Միկա-Ցեմենտ» ընկերության կողմից տրամադրած հումքի հաշվին փոսալցման եւ հարթեցման աշխատանքներ են կատարվել գյուղի անբարեկարգ փողոցներում: Աշխատանքներն իրականացվել են 2018 թվականի ընթացքում: Ընթացքի մեջ է Արտանիշի հանդիսությունների սրահի հիմնանորոգումը, որն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից տրամադրված սուբվենցիայի եւ տեղական միջոցների հաշվին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 17 միլիոն 200 հազար դրամ, որի 50 տոկոսը կազմում է սուբվենցիան, 50 տոկոսը՝ համայնքի ներդրումը: Շինարարական աշխատանքները կավարտվեն մոտակա ամիսների ընթացքում:
«Արտանիշի բնակչությունն արդեն զգում է այն դրական փոփոխությունները, որ գյուղում կատարվում են խոշորացված համայնքի կազմ մտնելուց հետո: Քայլ առ քայլ լուծում կտրվեն նաեւ մնացած հիմնահարցերին, գյուղը կընթանա զարգացման ու վերելքի ուղիով, ինչի համար ունի համապատասխան հնարավորություններ եւ տեսանելի հեռանկարներ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սուլիկո Շուշանյանը:
Խոսրով Խլղաթյան