ԱԳՆ Մշակույթի և հումանիտար համագործակցության վարչության պետը հանդիպել է Կոստանտին Օրբելյանի հետ
КультураՀՀ ԱԳՆ Մշակույթի և հումանիտար համագործակցության հարցերի վարչության պետ Արսեն Սհոյանը հունիսի 27-ին ԱԳՆ-ում հանդիպում ունեցավ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոստանտին Օրբելյանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Շնորհակալություն հայտնելով արտերկրում հայկական մշակույթի ներկայացման գործում ԱԳՆ աջակցության համար, Կոնստանտին Օրբելյանը Արսեն Սհոյանին ներկայացրեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի՝ առաջիկայում նախատեսվող հյուրախաղերը:
Իր հերթին, ԱԳՆ վարչության պետը, կարևորելով հայկական մշակույթի տարածման և մշակութային դիվանագիտության նշանակությունը, ողջունեց Օրբելյանի ջանքերը և պատրաստակամություն հայտնեց ցուցաբերելու հնարավոր աջակցություն ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Զրուցակիցները բարձր գնահատեցին այն հանգամանքը, որ հուլիսի 24-ին մեր արտիստները, վաթսուն տարվա ընդմիջումից հետո, Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի հյուրախաղերով հանդես կգան Ռուսաստանի Մեծ թատրոնի պատմական բեմում: