Մատենադարանում բացվել է Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը
КультураՄեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նիստերի դահլիճում հունիսի 28-ին տեղի ունեցավ Մատենադարանի հիմնադիր տնօրեն, ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Մատենադարանի տնօրենն իր խոսքում մասնավորապես նշեց. «Մաշտոցյան Մատենադարանը իր հիմնադրումից մինչ օրս համարվում է բացառիկ կառույց: Այն թե՛ ձեռագրատուն է, թե՛ գրադարան, թե՛ գիտահետազոտական ինստիտուտ և թե՛ թանգարան: Այս յուրահատուկ միացությունը աննախընթաց էր և որևէ մի օրինակի վրա հիմնված չէր: Մեր հռչակավոր վանքերը թե գրչության կենտրոն էին, թե մատենադարան և թե դպրոց: Միջնադարյան ավանդույթների հետ այս միաձուլման ու ազգային աղբյուրներից սնված այս յուրահատուկ, իր նմանը չունեցող կառույցի համար ևս առաջին հերթին պարտական ենք Լևոն Խաչիկյանին»:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի Հայրապետական օրհնության գիրը գիտաժողովի մասնակիցներին փոխանցեց Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Գիտաժողովի մասնակիցներին ողջույն խոսք հղեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նշեց, որ Խաչիկյանի 100-ամյակին նվիրված գիտաժողովը, որի ընթացքում ներկայացվելու են 70-ից ավելի զեկուցումներ, տարվա կարևորագույն հայագիտական իրադարձություններից մեկն է:
Գիտաժողովի մասնակիցներին ողջույնի խոսք հղեց նաև ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: ԳԱԱ նախագահը նշեց, որ Լևոն Խաչիկյանը ոչ միայն ականավոր գիտնական էր, այլև հմուտ ղեկավար ու գիտության լավ կազմակերպիչ: Խոսքով հանդես եկավ նաև Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության նախագահ Վալենտինա Կալցոլարին:Գիտաժողովի բացման արարողությունից անմիջապես հետո կայացավ Լևոն Խաչիկյան ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցադրության բացումը:
Մատենադարանի հիմնադիր տնօրեն, ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը կազմակերպել են Մաշտոցյան Մատենադարանը և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան: Գիտաժողովի ընթացքում կներկայացվեն ավելի քան 70 զեկուցում հայագիտության տարբեր ուղղություններով՝ աղբյուրագիտություն, ձեռագրագիտություն, բանասիրություն, արվեստ, փիլիսոփայություն, պատմություն, աստվածաբանություն և այլն: Միջազգային գիտաժողովին զեկույցներով հանդես են գալու նաև արտասահմանյան (Իտալիա, Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ, Շվեյցարիա, Հունաստան, Ուկրաինա) հեղինակավոր գիտնականներ: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։
Գիտաժողովի ավարտին (հունիսի 30) տեղի կունենա գրքերի շնորհանդես։