Կուսակցությունները կհասցնե՞ն հասունանալ
ОбществоԹեև քաղաքական վերլութծաբանները և փորձագետները խոսում են կուսակցական համակարգի վերաիմաստավորման, վերակառուցման և ինչու չէ վերաորակավորման մասին, սակայն դժվար է պատկերացնել, ինչպես դա հնարավոր կլինի հայաստանյան իրողությունների պայմաններում, երբ կուսակացականությունը սկսվում, ավարտվում, պայմանավորվում է այս կամ այն անձով: Այլ գայթակղիչ բան հայկական իրականութփյունում չկա:
Եվ եթե առաջին հայացքից թվում էր, թե երկիրը խորհրդարանական համակարգի անցնելուց հետո կարող է առիթ հանդիսանալ, որ սնկի նման աճած մարդ-կուսակցությունները միավորվեն, դառնան ավելի լուրջ կառույցներ, ապա թավշյա հեղափոխությունից հետո պատկերն ավելի քան այլ է: Հիմա ո՛չ նման կառույցներ հիմնելու, ո՛չ վերամիավորվելու, ո՛չ էլ ինչ-որ նոր գաղափարական հենքի վրա նոր քաղաքական կուսակցություններ հիմնելու ժամանակ կա: Բայց դա ամենևին էլ չի խանգարում, որ քաղաքական փորձագիտական շրջանակներում քննարկվի Հայաստանի քաղաքական դաշտի ոչ միայն արդիականացման, այլ առաջընթացի հարցը:
Խնդիրն այն է, որ այն քաղաքական պրոցեսները, որոնք հիմա տեղի են ունենում մեր երկրում, շատ վաղուց, գուցե նաև դարեր առաջ տեղի են ունեցել այլ երկրներում նույնպես: Այս տեսանկյունից ծավալապաշտությունը, եսակենտրոնությունը, տոտալիտարիզմը և այլ «իզմեր» աշխարհը վաղուց անցել է ու կառուցել նորմալ ժողովրդավարական երկրներ: Բայց ինչպես բնության մեջ է ամեն ինչ իր ժամանակին հասունանում, այնպես էլ քաղաքականութփյան մեջ է: Եվ անկախ նրանից, թե մենք ինչքան գիտելիք ունենք ֆեոդալիզմի բացասական հետևանքների, կապիտալիզմի մարդկանց հարստահարելու և այլ տեսությունների մասին, պետք է հասկանանք և գիտակցենք, որ քաղաքականության ու դրա ինստիտուտների մասին հասարակության ընկալումները դե ֆակտո փորձագետների գիտելիքի մակարդակին հասնելու համար ժամանակ է հարկավոր: Եվ ինչքան էլ ցանկանանք, Հայաստանը ձգել, բարձրացնել, հասցնել այսօրվա կայացած ժողովրդավարական երկրներում գործող ժողովրդավարական ինստիտուտներին, միևնույն է, այն կմնա խակ, քանի դեռ բնության պահանջով չի անցել այն էվոլյուցիոն շրջանը, որն անհրաժեշտ է հասունանալու համար:
Արմինե Գրիգորյան