Հուլիսի 2-ին աշխարհում նշում են ՉԹՕ-ի օրը
ОбществоՀուլիսի 2-ին ամբողջ աշխարհում նշում են Չբացահայտված թռչող օբյեկտի (ՉԹՕ) կամ ուֆոլոգի օրը (World UFO Day): Այս տոնը նվիրված է նրանց, ովքեր ուսումնասիրում են տրամաբանական բացատրություն չունեցող երեւույթներն ու օբյեկտները, որոնց այլմոլորակային ծագում է վերագրվում: «Ուֆոլոգիա» տերմինը սերում է UFO հապավումից (անգլ.՝ Unidentified flying object, հայ.՝ Չբացահայտված թռչող օբյեկտ):
Միջազգային տոնի համար օրվա ընտրությունը պայմանավորված է նրանով, որ ենթադրաբար 1947 թվականի հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգի Ռոզուել քաղաքի մոտակայքում գտնվող անապատում տարօրինակ օբյեկտ էր ընկել. շատերը համոզված են, որ դա այլմոլորակայիններով «թռչող ափսե» էր:
Գիտական համայնքն ուֆոլոգիան որպես գիտություն դեռ չի ճանաչել: Այնուամենայնիվ, աշխարհի շատ երկրներում խոշոր կազմակերպություններ եւ ուֆոլոգիական հետազոտությունների կենտրոններ կան, որտեղ բավականին հեղինակավոր գիտնականներ են աշխատում: Պայմանականորեն ուֆոլոգներին կարելի է բաժանել երկու ճամբարի. նրանք, ովքեր ուսումնասիրում են մեր մոլորակում այլմոլորակային երեւույթների գոյությունը, եւ նրանք, ովքեր բացատրություն են փնտրում այս խորհրդավոր երեւույթներին՝ փորձելով ընդլայնել ժամանակակից գիտության սահմանները: