Տիկնիկային թատրոնի թատերախումբը մրցանակներով է վերադարձել ԱՄՆ-ից
КультураԵրևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը օրերս մասնակցել է Ամերիկայի Վենիս քաղաքում անցկացված «AACT World Fest»-ին: Հանս Քրիստիան Անդերսենի «Մատնաչափիկը» հեքիաթի հիման վրա Սամսոն Մովսեսյանի բեմադրած ներկայացումը ստացել է ժյուրիի ամենաբարձր մրցանակը` «Հազարավորների աշխատանք, որը կատարվել է 3 դերասանի կողմից» և «Լավագույն մուլտիմեդիա» անվանակարգերում:
Փառատոնի և թատրոնի հետագա անելիքների մասին հուլիսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը:
«Չորս տարի առաջ մասնակցել ենք այդ փառատոնին` ներկայացնելով Զառա Անտոնյանի «Թևավորը» բեմադրությունը: Այն արժանացել է չորս մրցանակի: Փառատոնը շատ հետաքրքիր ավանդույթ ունի. ներկայացման ցուցադրությունից անմիջապես հետո սկսվում է դրա շուրջ քննարկումը: «Մատնաչափիկը» դիտել են մեծահասակ թատերասերները: Նրանք մի քանի անգամ շնորհակալություն են հայտնել` ասելով, որ ներկայացումը նրանց վերադարձրել է մանկություն: Նշել են, որ բեմադրության մեջ եվրոպական մշակույթ են տեսել»,- պատմեց Բաբայանը:
Նրա խոսքով` այդ հաջողությունը ևս մեկ անգամ փաստում է, որ լավ ներկայացումը տարիքային սահմանափակում չունի:
Գեղարվեստական ղեկավարը հիշեցրեց, որ մեկ ամիս առաջ Երևանում անցկացվել է «Երիտասարդ թատերական ռեժիսուրայի փառատոն», որտեղ գլխավոր մրցանակի է արժանացել Տաթևիկ Մելքոնյանի՝ «Ես այստեղ եմ» ներկայացումը: Որպես կանոն, այդ փառատոնում հաղթած բեմադրությունը մասնակցում է Մոսկվայում կայանալիք Չեխովի անվան թատերական միջազգային փառատոնին: «Հետևաբար հաջորդ տարի «Ես այստեղ եմ»-ը կներկայացնենք այնտեղ: Նաև պատրաստվում ենք շարունակել մեր մարզային շրջագայությունները»,-ընդգծեց նա:
Բաբայանը չմոռացավ սպասվող առաջնախաղերը և ասաց, որ օրերս փոքրիկների դատին են հանձնել Ղազարոս Աղայանի «Անահիտ»-ը: Բեմադրում են «Վինի Թուխը», կլինի նաև ամանորի ներկայացում: