Մնջախաղի միջազգային փառատոնն այս տարի չի կայանա
КультураԼեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնը չի կայանա: Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար և փառատոնի պրոդյուսեր Ժիրայր Դադասյանի խոսքով՝ ՀՀ մշակույթի նախարարությունն այս տարի ֆինանսավորում չի տրամադրում: Նախարարությունից նշեցին, որ համաձայն կարգի, ցանկացած նման փառատոն կամ միջոցառում պետք է նախապես մասնակցի մրցույթի:
«Հանդիպում ենք ունեցել ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի հետ: Նախարարությունն այս տարի չի ֆինանսավորելու փառատոնը: Նշում են, որ գումար չկա: Փառատոնը մյուս տարի անցկացնելու համար էլ պետք է դիմենք մրցույթի: Եվ միայն գրանտ ստանալու դեպքում այն կիրականացվի»,-ասաց Ժիրայր Դադասյանն ու հավելեց, որ այսպիսով, փառատոնի ապագան մնում է անորոշ:
Լեոնդի Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնն ավանդական է եւ իրականացվել է 10-ը տարի շարունակ: Փառատոնի բյուջեն կազել է 16 մլն դրամ: Դադասյանի խոսքով, գումարի չափը որոշվել է դեռ 2016-ին: Նրա խոսքով, անձնակազմը փառատոնի կազմակերպման համար ամբողջ տարի աշխատել է: Տարբեր խմբերի հետ նամակագրական կապի մեջ է եղել: Աշխատավարձերը պետք է վճարեին փառատոնի ֆինանսավորումից ստացած գումարից: «Փառատոնն այս տարի չանցկացնելը դրա համբավի վրա ակնհայտ ազդեցություն կունենա: Նախարարությունը հետաքրքրվածություն ու շահագրգռվածություն չունի փառատոնի անցկացման համար: Ասել են, որ առաջնահերթությունը կայանում է նրանում, որ բոլորը պետք է ունենան հավասար իրավունքներ»,-ասաց փառատոնի պրոդյուսերը:
ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Դավիթ Մաթևոսյանը, «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադառնալով թեմային, նշեց, որ ցանկացած հեղինակային փառատոն կամ այլ միջոցառում նախարարությունից ֆինանսավորում է ստանում բացառապես մրցութային կարգով: Կարգն այդպես է, և նախկինում ևս այդպես է եղել: «Լեոնդի Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը Ժիրայր Դադասյանի և մի քանի այլ գործիչների հեղինակային իրավունքի արգասիքն է եւ չի կարող մրցույթի ենթակա չլինել: Ամեն տարի, մշակութային քաղաքականության համաձայն, նախարարությունը որոշակի գումար է հատկացնում փառատոնների և այլ միջոցառումների անցկացման համար: Ցանկացած նման փառատոն մասնակցում է մրցույթի: Այս տարի պետք է հայտ ներկայացնեն՝ հաջորդ տարվա համար հաստատելու կամ չհաստատելու»,-ասաց նախարարի խորհրդականն ու հավելեց, որ մնջախաղի միջազգային փառատոնը արդեն քանի տարվա փորձ և մեծ հաջողություն ունի:
Դադասյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ թատրոնն օտար հանդիսատեսի առջև հանրահռչակում է մեր արվեստը: Մեկ շաբաթ առաջ են վերադարձել Վոլոգդայում անցկացված «Голоса истории» միջազգային փառատոնից՝ Վոլոգդայի քաղաքապետի կողմից ստացած հատուկ մրցանակով: Աշնանը հրավիրող կողմի միջոցներով պատրաստվում են մասնակցել Մոսկվայում անցկացվող միջազգային մի փառատոնի:
Խոսելով Մնջախաղի թատրոնի շենքի մասին՝ Ժիրայր Դադասյանը նշեց, որ վերանորոգման և մի շարք այլ խնդիրներ անորոշ են մնում: «Թատրոնը տեղակայված է շենքի երրորդ հարկում: Նախագծով նախատեսել ենք նոր մուտք՝ պաշտոնական հանդիսատեսի համար նաև վերելակ, հարմարեցրել ենք հաշմանդամություն ունեցող անձանց, ինչն օրենքի պահանջն է: Նախագծի իրականացման արդյունքում հարևանների տարածքից մի փոքր հատված ևս օգտագործվել է: Այս խնդիրը պետք է լուծվի: Սակայն այս հարցով ևս նախարարությունն այնքան էլ հետաքրքրված չէ»,-ասաց նա:
Նախարարությունից տեղեկացրին, որ շենքի և մյուս հարցերի քննարկումներն ընթացքի մեջ են: