«Բիզնես Արմենիա»-ն եւ ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը համագործակցության նոր հուշագիր կնքեցին
ЭкономикаԱրցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը հուլիսի 16-ին ընդունել է «Բիզնես Արմենիա»-ի (վերաբրենդավորված Հայաստանի զարգացման հիմնադրամի) գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորած պատվիրակությանը։
Այս մասին տեղեկացրին ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից: Նախարարը ողջունելով հյուրերին շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և համագործակցության պատրաստակամության համար. «Մենք ուշադրությամբ հետևում ենք «Բիզնես Արմենիա»-ի աշխատանքներին՝ թե′ Հայաստանում և թե′ արտերկրում: Պիտի փաստենք, որ ոգևորված ենք ձեր կողմից կատարվող աշխատանքներով: Գիտեմ, որ անտարբեր չեք նաև Արցախի խնդիրներին, և ուրախ եմ, որ պատրաստակամություն եք հայտնել Արցախին օգնելու և մեր համատեղ ծրագրերը կյանքի կոչելու համար»,-ասել է Լևոն Գրիգորյանը:
Արմեն Ավակ Ավակյանն էլ նշել է, որ Արցախի հետ համագործակցությունն արդեն ամուր հիմքեր ունի և արցախյան որոշ ընկերություններ ընդգրկվել են հայաստանյան և միջազգային ցուցահանդեսներում.«Մենք աջակցում ենք արցախյան ընկերություններին մասնակցել արտերկրում կազմակերպվող ցուցահանդեսներին: Այս առումով արդեն հաջողություններ ունենք: Սակայն, ցավոք, Արցախում ներդրումային դաշտով դեռ չենք զբաղվել, բայց պատրաստակամ ենք մեր բոլոր գործիքակազմը ներդնել, աջակցել և ամբողջությամբ մտնել այդ գործընթացի մեջ»,-ասել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրենը:
Հայաստանյան գործընկերների հետ աշխատանքային համագործակցության նոր փուլի հիմքը հանդիսացավ «Բիզնես Արմենիա»-ի և ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության միջև համագործակցության համաձայնագրի կնքումը:
Օրվա երկրորդ կեսին պատվիրակությունը նախարար Լևոն Գրիգորյանի գլխավորությամբ բերդաքաղաք Շուշիում էր: Այնտեղ կլոր սեղանի շուրջ քննարկվեցին երկու գերատեսչությունների միջև համագործակցության նոր ծրագրերը, գործարար շրջանակների համագործակցության խնդիրները, ինչպես նաև աշնանը Արցախում նախատեսվող բիզնես համաժողովի կազմակերպման և ծրագրերի մշակման հարցերը: