Նոր նախարարը գնալու է կառավարություն, մյուսներին խանգարելու է աշխատել. Հրանտ Բագրատյան
Այսօր Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացրած «Կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նախագիծն ընդունվեց 70 կողմ, 10 դեմ և 28 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Նախագծով առաջարկվում է միավորել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները և անվանել այն Տարածքային և արտակարգ իրավիճակների նախարարություն: Բացի այդ, կառավարությունն առաջարկում է ստեղծել նոր նախարարություն, որը կկոչվի միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն: Օրենքի նախագծի նպատակն է ապահովել էլ ավելի արդյունավետ կառավարման համակարգ:
Նախագծի վերաբերյալ իր ելույթի ընթացքում ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասաց, որ բարեփոխումը պետք է գործելակերպ լինի բոլոր նախարարությունների համար և ինքն իրականում չի հասկանում՝ այս քայլի մեջ ինչ թաքնված ինտրիգ կա:
«Այս դեպքում դուք ստեղծում եք մի նախարարություն, որը գնալու է Եվրասիական ինտեգրման, որն էլ մի քիչ դժվար է բարեփոխում անվանել: Ես չեմ հասկանում՝ ինչ ինտրիգ կա այստեղ թաքնված, բայց, իմ խորին համոզմամբ, այստեղ ինտրիգ կա թաքնված: Այդ մարդուն էլ նշանակեք, գնալու է կառավարություն, մյուսներին խանգարելու է աշխատել, որովհետև ինքն իր ֆունկցիան չունի, բարեփոխում ֆունկցիան վարչապետի ֆունկցիան է»,- ասաց Հրանտ Բագրատյանը: