Հայաստանի պետական կամերային նվագախմբի և երգչախմբի համերգը նշանավորվեց հայաստանյան պրեմիերաներով
КультураՀայաստանի պետական կամերային նվագախմբի և Հայաստանի պետական կամերային երգչախմբի համատեղ համերգին կամերային վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունների պրեմիերաներ հնչեցին: Ծրագրում ընդգրկված էին Հայդնի, Մոցարտի գործերը: Համերգը տեղի ունեցավ հուլիսի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
2017-2018 թվականների համերգաշրջանի փակումն ազդարարող երեկոյին կամերային նվագախումբը (գեղ.ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան) և երգչախումբը հանդես եկան ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղ.ղեկավար և գլխավոր դիրիժոր, Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:
«Մենք տարեկան ամենաքիչը 25 համերգ ենք ունենում: Եթե գումարենք նաև արտերկրի ծրագրերը, ապա ավելի շատ»,-նշեց Մլքեյանը:
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում քիչ են ակադեմիական երաժշտություն հնչեցնում, սակայն հայ կատարողները լավ բնավորություն ունեն: «Նրանք հայ կոմպոզիտորներին շատ են պրոպագանդում: Մեր երգչախմբի երգացանկի 60 տոկոսը կազմված է հայ ստեղծագործողների գործերից, բայց երաժշտասերները կարոտում են նաև Հայդնին և այլոց հարուստ ժառանգությանը»,-շեշտեց նա ու հավելեց, որ ամեն հնարավոր առիթ օգտագործում են կամերային հրաշալի ստեղծագործությունները հանրությանը մատուցելու համար:
Համերգային ծրագրում որպես մենակատարներ նվագախմբի ու երգչախմբի հետ ելույթ ունեցան Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Էռա Հովսեփյանը (սոպրանո), Նաիրա Հովհաննիսյանը (մեցցո-սոպրանո), Ռազմիկ Բաղդասարյանը (տենոր), Արմեն Գրիգորյանը (բաս), Թերեզա Ոսկանյանը (երգեհոն):
Անդրադառնալով հետագա ծրագրերին՝ Մլքեյանը հիշեցրեց, որ հաջորդ տարի նշվում է Կոմիտասի 150-ամյակը: «Կարծում ենք՝ նրա հոբելյանը չպետք է տոնենք՝ սահմանափակվելով միայն Հայաստանի նեղ շրջանակով: Հետևաբար, երկրի սահմաններից դուրս հետաքրքիր ծրագրերի միջոցով մեծ թափով Կոմիտասի երաժշտությունը կտարածենք ամբողջ աշխարհում»,-եզրափակեց դիրիժորը: