Աբաջյանի տան դռան շեմքին գցել են սպանված ադրբեջանցի գնդապետի ուսադիրը (Ֆոտո)
TVԱրցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին հետմահու «Արցախի հերոսի կոչում» շնորհեց: Սա բացառիկ պարգևատրում էր, քանի որ առաջին անգամ է, որ նման բարձր պարգևի է արժանանում կրտսեր սերժանտը:
19-ամյա Ռոբերտ Աբաջյանը քառօրյա պատերազմի ժամանակ համառ կռիվ էր մղել հակառակորդի դեմ, իսկ վերջին նռնակով պայթեցրել ինքն իրեն ու իրեն շրջապատած ադրբեջանցի հատուկջոկատայիններին:
Այսօր Blognews.am-ն այցելեց Աբաջյանների ընտանիքին:
Մանումենտցի Կյաժի (այսպես էին անվանում Ռոբերտին նրա ընկերներն ու ընտանիքի անդամները) տունը գտնելը դժվար չէր: Փողոցը, որտեղ գտնվում էր Ռոբերտենց տունը, լի էր մարդկանցով: Հերոսի ընտանիքին այցի էին եկել լրագրողներ, հարազատ մարդիկ, Ռոբերտի ընկերները և պարզապես անծանոթ մարդիկ, ովքեր եկել էին իրենց խորին շնորհակալությունն ասելու հերոս ծնած և դաստիարակած ծնողներին:
Մեզ դիմավորում է Ռոբերտի հայրիկի ընկերը` պարոն Դավիթը.
«Եթե Ալիևն ուզում է իր գնդապետի պագոնները տեսնի, պետք է գա ու հասնի Ռոբերտի տան դիմաց,- ասում է նա ու մատնացույց անում դռան դիմացի կտորի վրա գցած ուսադիրը,- սա սպանված գնդապետի ուսադիրներ են, դին հանձնելուց մեր հետախույզները պահել են, որ բերեն այստեղ դնենք ու հերոսի տուն մտնող յուրաքանչյուր հայ քայլի դրա վրայով: Սա մեր սրտի հովանքն է»:
Ռոբերտի հայրը որդու մասին խոսքը սկսում է «Կյաժ ջան, մեզ հերոսի պապա, մամա դարձրեցիր» արտահայտությամբ, ու խոսքի ընթացքում հաճախ կրկնում նույնը:
«Նա գիտեր ուր է գնում ու ինչի համար է ծառայության մեկնում, գիտակից մարտիկ էր: Այդ օրը չէ, որ դարձավ հերոս Ռոբերտ Աբաջյան, մինչ այդ էլ զինվոր էր, իր հողի ու իր երկրի տերը: Ռոբերտն ու իր հերոս ընկերներն ի չիք դարձրեցին Ալիևի բոլոր պլանները: Ինքն իրեն չպայթեցրեց, նա պայթեցրեց Ալիևի պլանները: Մեր հերոս տղաներն իրենց կյանքի գնով կանխեցին այդ հանցագործ ոտնձգությունը մեր հողերի հանդեպ ու Մարտակերտի գրավումը: Հպարտ եմ, որ հերոսի հայր եմ, ամբողջ աշխարհը ճանաչեց իմ որդուն, ու հետագայում պետք է սերունդներ դաստիարակվեն նրա օրինակով: Ինչքան էլ երեխա էր նա, միևնույն ժամանակ իսկական տղամարդ էր: Ես հնարավորություն ունեի տղայիս բանակից ազատելու, բայց դա տղամարդու արարք չէ: Ծառայությունն է տղայի համար: Իմ որդին ծառայեց, ապրեց շատ կարճ, բայց ապրեց մեզ երկար ապրեցնելու համար: Ու ես ուզում եմ, որ անգամ այս դեպքերից հետո, ծնողներն հպարտ բանակ ճանապարհեն իրենց որդիներին, ուրախ ճանապարհեն ու սպասեն նրանց վերադարձին»:
Ռոբերտի հետ կռված տղաներն ու նրա հրամանատարները ընտանիքի անդամներին պատմել էին նրանց որդու հերոսական արարքի մասին: Ռոբերտն հակառակորդի դեմ խիզախորեն կռիվ էր մղել մինչև վերջ: Մարտի սկզբից նա հասցրել էր հրամանատարներին տեղեկացնել հարձակման մասին, ընթացքում կարողացել էր մարտադաշտից խրամատ տեղափոխել իր վիրավոր ընկերոջը, ապա վերադառնալ, շարունակել կռիվը և ունեցած վերջին նռնակով կյանքից զրկել իրեն ու իր հետ մի քանի ադրբեջանցի հատուկջոկատայինների: Ռոբերտի վերջին խոսքերն են եղել. «Մենք այս դիրքը արյունով պահեցինք, ով հանձնի այն, ես նրա մերը»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում