Օզիլ. Ես երկու սիրտ ունեմ՝ գերմանական և թուրքական
СпортԳերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ լուսանկարի պատճառով իր հասցեին հնչող քննադատություններին: 29-ամյա ֆուտբոլիստը Թուրքիայի նախագահի հետ հանդիպել էր աշխարհի առաջնության մեկնարկից առաջ.
«Վերջին երկու շաբաթվա ընթացքում նախորդ ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների մասին մտածելու ժամանակ եմ ունեցել:
Հետևաբար ցանկանում եմ կիսվել տեղի ունեցածի վերաբերյալ իմ մտքերով և էմոցիաներով: Շատ մարդկանց նման իմ ծագումն էլ դուրս է գալիս մեկ երկրի սահմաններից: Ես մեծացել եմ Գերմանիայում, սակայն իմ ընտանիքն ունի թուրքական արմատներ: Ես երկու սիրտ ունեմ՝ գերմանական և թուրքական: Փոքր ժամանակ մայրս ինձ սովորեցրել է հարգել և չմոռանալ ծագումս:
Մայիսին նախագահ Էրդողանի հետ Լոնդոնում հանդիպեցինք կրթական միջոցառման շրջանակներում: Ես առաջին անգամ Էրդողանին հանդիպել էի 2010 թվականին, երբ նա և Անգելա Մերկելը Բեռլինում հետևում էին Գերմանիա - Թուրքիա հանդիպմանը: Գիտեմ, որ մեր լուսանկարը մեծ իրարանցում է առաջացրել գերմանական մամուլում, և չնայած շատերն ինձ կարող են մեղադրել ստի մեջ, բայց մեր լուսանկարը քաղաքական միտում չուներ:
Ինչպես արդեն ասացի, մայրս ինձ երբեք թույլ չի տվել մոռանալ արմատներս, ընտանեկան սովորությունները: Էրդողանի հետ լուսանկարն ինձ համար քաղաքականություն կամ ընտրություն չէ, այն հարգանք է մի մարդու նկատմամբ, ով զբաղեցնում է ամենաբարձր պաշտոնն իմ ընտանիքի երկրում: Ես ֆուտբոլիստ եմ, ոչ թե քաղաքական գործիչ, և լուսանկարը քաղաքականության հետ առնչություն չունի»,- twitter-ում հրապարակած նամակում գրել է Մեսութ Օզիլը: