Թուրքական կայքը ներկայացրել է Ցեղասպանությունից հետո Չիլի գաղթած հայ ընտանիքի պատմությունը
Международные новостиԹուրքական gazetekarinca.com կայքը ներկայացրել է Հայոց ցեղասպանությունից հետո Չիլի ժամանած առաջին հայ ընտանիքներից մեկի՝ Բալոյանների պատմությունը։
Auroraprize.com կայքի «100 կյանք» նախագծի շրջանակում Բալոյանի հարցազրույցը թուրքական կայքը թարգմանել և ներկայացրել է ամբողջությամբ՝ օգտագործելով Ցեղասպանություն բառն առանց չակերտների:
Դիեգոյի մեծ պապիկը՝ Անդրանիկ Բալոյանը ծնվել է պատմական Խարբերդում, ուր նրա ընտանիքն ուներ խաղողի հսկա դաշտեր:
Ցեղասպանության ժամանակ Անդրանիկին հաջողվել է փրկվել, երբ հայերի կոտորածների համար պատասխանատու տեղի թուրք պաշտոնյան գնել է նրան որպես ստրուկ ու տվել Ալի անունը։
Ավելի ուշ Անդրանիկն իր եղբայրների հետ կարողացել է փախուստի դիմել՝ Դեր Զորի անապատի միջով հասնելով մինչև Հալեպ։ Ավելի ուշ Բալոյանների ընտանիքը հասել է մինչև հեռավոր Չիլի։ Նրանք ցեղասպանությունից հետո Չիլի հասած առաջին հայերից են։
Երեք եղբայր այստեղ նոր կյանք են սկսել՝ սկսելով հագուստի արտադրմամբ զբաղվել։ Նրանք սկզբում հագուստի առևտուր են արել, իսկ ավելի ուշ կարողացել են հագուստ կարող մեքենայի գումար հավաքել և տարիներ անց դառնալ հաջողակ բիզնեսմեններ։
Դիեգոն, հիշելով իր պապիկի պատմությունն ու այն սարսափները, որոնք նա տեսել էր գաղթի ճանապարհին, կարծում է, որ այլևս եկել է պատմության մեջ նոր էջ բացելու ժամանակը։
«Ես հավատում եմ, որ եկել է նոր էջ բացելու ժամանակը։ Պապս ու նրա հայրը ստիպված են եղել տարբեր մի կյանք ապրել։ Այդ ամենը վստահորեն հետք է թողել բոլորիս վրա։ Սակայն մենք հույս ունենք հաշտվել ու փրկվել ատելությունից»,-նշել է հայ հորից ու բասկ մորից ծնված Դիեգո Բալոյանը։