Բելգիահայ երգչուհու Havana երգի «երևանյան» տարբերակը հնչում է բելգիական ռադիոկայաններով
ОбществоYerevan2800.am-ը գրում է.
Բելգիահայ երգչուհի KeyOh-ն ապրիլին ներկայացրել է հայտնի երգչուհի Կամիլա Կաբելոյի հիթային Havana երգի cover-ը, որտեղ Կուբայի մայրաքաղաք Հավանայի անունը փոխարինել է մայրաքաղաք Երևանի անունով:
News.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է, որ շատ է սիրում Havana-ն, սակայն ամեն անգամ այն երգելիս խորթության զգացում է ունեցել:
«Մի օր էլ ավտոմեքենայում երգեցի Havana-ն «Yerevan oh nana» բառերով. դա այնքան բնական ու սրտիս մոտ հնչեց, որ միանգամից որոշեցի երգել նույն երգը Երևանի մասին», - նշել է KeyOh-ը:
Բելգիահայ երգչուհին հուսով է, որ հայկական ռադիոկայանները նույնպես կհնչեցնեն իր երգը՝ Երևանի 2800-ամյակի առթիվ:
«Արդեն երեք-չորս օր է՝ ինձ գրում և շնորհավորել են ծանոթներս, որ ռադիոկայաններով իմ «Երևան» երգն է հնչում: Բելգիայի հայերը հպարտանում են, որ երգը բելգիական ռադիոկայաններով է հնչում», - նշել է երգչուհին:
Աշնանը Հայաստանի մայրաքաղաքը կնշի իր հիմնադրման 2800-ամյակը, ինչի առթիվ Երևանում բազմաթիվ միջոցառումներ են սպասվում: Այս տարի դրանք կանցկացվեն սեպտեմբերի 29-30-ին: Հետևեք տոնական միջոցառումներին ու դրանց մասին տեղեկատվություն ստացեք Yerevan2800.am-ից: