Տեղի ունեցավ Լուսինե Աղաջանյանի վոկալ երաժշտության երեկոն
Культура«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Լուսինե Աղաջանյանի վոկալ երաժշտության երեկոն, որը կրում էր «Լուսամփոփի պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով» խորագիրը:
Լուսինե Աղաջանյանը հայտնություն է, որի աստվածային ձայնը, գալով տիեզերքի խորքերից, բոլոր ներկաներին տարավ իր հետևից և պարգևեց անմոռանալի երեկո:
- Շատ խորհրդանշական օր է այսօր մեզ համար, քանի որ առաջին անգամ համերգային ծրագրով մեզ մոտ հանդես կգա Լուսինե Աղաջանյանը:
Տարիներ առաջ, երբ Արցախում էի, իմ ընկերն ինձ տարավ եկեղեցի, որտեղ պատարագի ժամանակ հնչում էր մի անուշ ձայն: Պատարագի վերջում Լուսինե Աղաջանյանին, ով երգում և ղեկավարում էր երգչախումբը, առաջարկեցի երգչախումբ ստեղծել «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղում, և նա համաձայնեց:
Այժմ նա տեղափոխվել է Երևան՝ այստեղ ստեղծելով «Քնար» հոգևոր և ժողովրդական երգերի խումբը: Աստծո կողմից քեզ տրված լույսը՝ երգը, դու կարողանում ես շուրջդ տարածել քո ողջ էությամբ, Լուսինե՛ ջան, և մենք երախտապարտ ենք քեզ այս ամենի համար,- բացման խոսքով հանդես եկավ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:
Միջոցառմանը հնչեցին հայ, ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններից:
Երեկոյի ընթացքում իրենց մասնակցությունը ցուցաբերեցին նաև Ալ․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային երգիչների ծրագրի մեներգիչ Տիգրան Հակոբյանը և միջազգային մրցույթների դափնեկիր Նավասարդ Հակոբյանը:
Նվագակցող` Ն․Ա․Կապրիելովնա