«Նիկոլն ինձ սիրահարվեց առաջին հայացքից, ես՝ փոքր-ինչ ուշ». Ինչպես են ծանոթացել Նիկոլն ու Աննան
TVՀայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հարցազրույց է տվել ռուսական EG.RU-ին և պատմել իր ընտանիքի, աշխատանքի, նոր պարտականությունների ու երազանքների մասին:
Նա պատմել է Նիկոլ Փաշինյանի հետ ծանոթության ու իրենց սիրո պատմության մասին։
«Մեր ծանոթության և սիրո պատմությունը Հայաստանում շատերին է հայտնի: Ռուս ընթերցողի համար ես կպատմեմ: Մենք ծանոթացել ենք դեռ ուսանողական տարիներին, երբ Նիկոլը Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի հինգերորդ կուրսի ուսանող էր, իսկ ես նոր էի ընդունվել նույն ֆակուլտետ: Երբ ես մտա լսարան, անմիջապես լսեցի այդ անունը՝ Նիկոլ Փաշինյան: Նրա մասին բոլորը խոսում էին՝ դասախոսները, դեկանը, ուսանողները: Նրանով հիանում էին, նրան օրինակ էին բերում, նրա աշխատանքները վկայակոչում էին: «Նիկոլը ֆակուլտետի հպարտությունն է»՝ լսում էի ես՝ դեռ ծանոթ չլինելով հերոսին»,-պատմել է Աննա Հակոբյանը:
Այնուհետ առաջին կուրսի ուսանողուհի Աննան առաջադրանք է ստացել հոդված գրել թերթում, որտեղ այդ ժամանակ աշխատում էր ապագա վարչապետը:
«Ես գրեցի և հոդվածը բերեցի խմբագրություն: Այդպես էլ ծանոթացանք՝ աշխատավայրում: Նիկոլն առաջին հայացքից սիրահարվեց ինձ, իսկ ես՝ մի փոքր ավելի ուշ»,- հիշել է Աննա Հակոբյանը:
Հայաստանի առաջին տիկինը պատմել է նաև իր երազանքների մասին։ Պարզվում է՝ նա մանկուց երազում է ճանապարհորդել Աֆրիկայով:
«Սակայն այժմ ես նախընտրում եմ հանգստանալ Հայաստանում, մենք մեծ ընտանիք ունենք, և մեր փոքր դստեր համար շատ դժվար կլինի այլ երկրներ մեկնել»,- ասել է նա:
Աննա Հակոբյանը պատմել է, որ այժմ նա նոր գաղափարներ է փնտրում, ուսումնասիրում է կյանքը «փոքր-ինչ այլ կողմից»:
«Ինձ համար, սակայն, ինչպես և նախկինում, մարդկանց մեջ կարևոր են մնում ազնվությունը, ազատությունը, բարությունը և արդարությունը»,- ասել է նա: