Քննիչները փնտրում են Սկրիպալներին թունավորելիս օգտագործված նյութի տարան
ОбществоՍոլսբերիի միջադեպը հետաքննող խուզարկուները շարունակում են «Նովիչոկ» նյարդակաթվածահարող նյութով տարայի որոնումները, որով մարտին թունավորվել էին ՀԳՎ նախկին սպա Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլյան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Քննիչների կարծիքով՝ ամենայն հավանականությամբ, դա այլ տարա էր, քան այն, որով հունիսի վերջին թունավորվել էին հետագայում մահացած բրիտանուհի Դոն Սթերջեսը եւ նրա ուղեկիցը՝ Չարլզ Ռոուլին, քանի որ վերջին դեպքում սրվակը կնքվել էր: Այս մասին կիրակի իր կայքում հայտնել է Sunday Mirror պարբերականը:
Օրաթերթի տեղեկություններով՝ քննիչները մտավախություն ունեն, որ Սկրիպալների թունավորումը կատարողները կարող էին ինչ-որ տեղ նետել թունավոր նյութով տարան, եւ եթե այն մարտից շարունակում է այդ վայրում գտնվել, ապա կարող է մահացու վտանգ ներկայացնել հերթական պոտենցիալ զոհերին: «Սրվակը, որի մեջ այն դրել են, կարող էր գնվել միայն Ռուսաստանում: Ենթադրությունը, թե այն Ռուսաստանում չի ձեռք բերվել, գրեթե ծիծաղելի է: Եթե այս սրվակը կնքվել է, նրանք մեկ ուրիշն են օգտագործել Սկրիպալների շքամուտքի դռան համար, թե որտեղ է այդ մյուսը, կարելի է միայն կռահել»,- պարբերականին հայտնել է բրիտանական կառավարությունում աղբյուրը:
Պարբերականի տեղեկություններով՝ քննությունը կարծում է, որ Սկրիպալների թունավորմանը մասնակցել են Ռուսաստանից առնվազն 2 խմբեր: