Անպայման աշխատելու եմ. Հայկ Կյուրեղյանն աշխատանք է փնտրում ծրագրավորման ոլորտում
Общество«Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը մտադիր է աշխատանքի անցնել: NEWS.am- ի հետ զրույցում սոցիալական արձակուրդում գտնվող Հայկն ասաց, որ այժմ աշխատանք է փնտրում:
«Անպայման աշխատելու եմ, որպեսզի ցերեկվա ժամերին աշխատանքի գնամ, իսկ երեկոյան վերադառնամ կալանավայր: Ծրագրավորման ոլորտում եմ այս պահին աշխատանք փնտրում»,- ասաց նա:
Նշենք, որ Հայկ Կյուրեղյանին մեկ ամիս սոցիալական արձակուրդ են հատկացրել, որի ընթացքում նա պետք է աշխատանք գտնի, այնուհետեւ կիսաբաց ռեժիմով է պատիժը կրելու, այսինքն՝ առավոտյան գնալու է աշխատանքի, իսկ երեկոյան վերադառնալու է կալանավայր: Իսկ աշխատանք չգտնելու դեպքում նա ստիպված կլինի վերադառնալ կալանավայր:
Հայկ Կյուրեղյանը համոզված է, որ համաներում կհայտարարվի, եւ ինքն ազատ կարձակվի. «Իմ գործն ուղարկվել է ՄԻԵԴ, սակայն մինչ այդ հուսով եմ համաներում կհայտարարվի եւ վերջնական ազատ կարձակվեմ»:
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 15-ին «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 9 տարվա ազատազրկման էր դատապարտել Հայկ Կյուրեղյանին: