Հոռոմի վթարի քրգործի շրջանակում չի բացառվում զոհերի գենետիկական փորձաքննությունը
Նախնական տվյալների համաձայն` Հոռոմ գյուղի խաչմերուկի մոտ տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով զոհվածների հարազատները ճանաչել են նրանց ինքնությունը, բայց քրեական գործի շրջանակներում կքննարկվի նաև գենետիկական փորձաքննություն նշանակելու հարցը: Այս մասին նոյեմբերի 11-ին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը: Նոյեմբերի 10-ին Երևան-Գյումրի ճանապարհի 108-րդ կմ հատվածում՝ Հոռոմ գյուղի խաչմերուկի մոտ տեղի ունեցած ողբերգական վթարի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: «Քրեական գործի քննության ընթացքում նշանակվել են բազմաբնույթ փորձաքննություններ՝ փորձագետների մասնակցությամբ, կատարվել և ներկայումս էլ կատարվում են դեպքի վայրի զննություն՝ վթարի առաջացման մեխանիզմի, հրդեհի պատճառների և այլնի վերաբերյալ: Վերջնական եզրահանգումներ կարող ենք անել միայն համապատասխան եզրակացությունները ստանալուց հետո: Ըստ դեպքի վայրի զննության նախնական վարկածի՝ հրդեհի առկայությունն է, բայց թե հրդեհը ինչի՞ց է սկսվել, մեքենայի ո՞ր հատվածից՝ դրա պատասխանը կտա միայն համապատասխան բնագավառի փորձագետը: Դեպքի վայրի զննությամբ տեսանելի է, որ պայթել են նաև մեքենայի գազի բալոնները, բայց պետք է հաշվի առնել, որ մեքենան դիմային հատվածով է հարվածել «Կամազ» մակնիշի մեքենային»,-նշեց դատախազը՝ ավելացնելով, որ ըստ նախնական տվյալների և քրեական գործով հարցաքննված անձանց ցուցմունքների՝ բեռնատարի վարորդը՝ երկրորդական ավտոճանապարհից, «կանգ առ» նշանի առկայության պայմաններում, մուտք է գործել գլխավոր ավտոճանապարհ: «Նման պայմաններում վարորդի արարքով հանցակազմի առկայության կամ նրա մեղավորության վերաբերյալ վերջնական հետևությունները, բնականաբար, միայն դատական ակտի կայացումից հետո է տրվում և միայն դատարանը կարող է այն անել, սակայն,ներկայումս անձը ձերբակալվել է հանցագործության կատարման անմիջական կասկածանքի կապակցությամբ և, քրեական գործով բավարար ապացույցների առկայության պայմաններում կներգրավվի որպես մեղադրյալ»:
Խոսելով վերջինիս ալկոհոլի ազդեցության տակ լինելու վարկածի մասին՝ դատախազը նշեց, որ դրա վերաբերյալ տվյալներ քրեական գործում չկան: «Բնականաբար, ստուգվել է վերջինիս սթափության վիճակը և ըստ նախնական տվյալների՝ սթափ է եղել, սակայն այս դեպքում ևս նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն՝ նաև այդ հարցի ավելի հանգամանալից պատասխանի համար: Արագության գերազանցման մասին հստակ հետևություններ անել հնարավոր չէ, քանի դեռ չունենք դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացություն, սակայն, ըստ «Կամազ»-ի վարորդի ցուցմունքի՝ վերջինս արագ չի եղել՝ խաչմերուկ մուտք գործելիս եղել է մոտ 30-40 կմ ժամ արագությամբ»: