Կոտայքի նորընտիր մարզպետը վախի ու սպառնալիքի մթնոլորտ է փորձում ձևավորել մարզում
БлогԼուսինե Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հանրությունը պիտի անպայման գիտակցի, որ հեղափոխությունը չի սահմանափակվում խոսքերի, հայտարարություների տեղատարափով։
Ապրելով Կոտայքի մարզում, տեսնում եմ մարզի բնակիչների դժգոհությունը մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի վարած քաղաքականության, անտրամաբանական քայլերի և կայացրած որոշումների հետ կապված, բայց մի՞թե այսօր էլ ՀՀ-ում ապրող քաղաքացու ձայնը նույնքան անլսելի է, որքան առաջ էր և մի՞թե պարտավոր ենք ունենալ մարզպետ, ով իրեն համարում է ոչ թե մարզի ղեկավար, այլ մարզի սեփականատեր։
Բանն այն է, որ մարզպետ Պետրոսյանը ԱԱԾ-ի բացահայտումներով այնքան է ոգևորվել, որ սկսել է սպառնալ Կոտայքի մարզի համայնքների ղեկավարներին, պահանջելով հրաժարվել իրենց պաշտոններից, այլապես անձամբ կմիջամտի, որպեսզի հետաքննություն իրականացվի նաև իրենց գործունեության հետ կապված։ Դժվար է հավատալ, բայց սա իրականություն է և մարզպետը, որը միգուցե մոռացել է, որ համայնքապետերն ընտրվում են բացառապես ընտրությունների միջոցով, մոռացել է նաև, որ մարզպետի պարտականությունները ոչ թե սպառնալիքներ հնչեցնելն ու վախի մթնոլորտի ձևավորում է, այլ համայնքի բնակիչների սոցիալական կյանքի բարելավումը, մարզի խնդիրների լուծումը, ինչը չի կատարվում նորընտիր մարզպետի կողմից։
Ես, որպես մարզի բնակիչ, անընդունելի եմ համարում նրա որդեգրած քաղաքականությունը։ Մարզի գյուղապետերին ակնհայտ ահաբեկող և նրանց նկատմամբ սպառնալիքներ հնչեցնող մարզպետը չի կարող մարզը արդյունավետ ղեկավարել:
Սա արդեն իսկ դարձել է մարզի բազմաթիվ բնակիչների դժգոհության ու զայրույթի պատճառը, որը մի օր կարողէ պայթել և վերածվել իսկական բողոքի ընդդեմ մարզպետի չհիմնավորված գործողությունների: