Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնն ազդարարեց թատերաշրջանի մեկնարկը
КультураՀայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնը օգոստոսի 5-ին ազդարարեց թատերաշրջանի մեկնարկը:
Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնում «Բարեկենդան»-ով ազդարարավեց 83-րդ թատերաշրջանի մեկնարը: Թատրոնի նորանշանակ տնօրեն Արմինե Մանուկյանը, որն ավելի քան 10-ը տարի է, ինչ թատրոնում աշխատում է որպես բեմադրող ռեժիսոր, «Արմենպրես»-ին փաստեց՝ երկար ժամանակ տիկնիկայինը թատերաշրջանի նմանատիպ մեկնարկ չի ունեցել:
1935 թվականին մայիսին Լենինականի Հայֆիլհարմոնիայի դահլիճում ազդարարվեց տիկնիկային թատրոնի գործունեության սկիզբը: Ռեժիսոր Հասմիկ Գյոզալյանի ղեկավարությամբ տիկնիկայինն իր առաջին թատերաշրջանը բացեց միանգամից 3՝ Յե. Վերեյակայաի «Հեղափոխական Տանյա», Կռիլովի «Կապիկն ու Հայելին» և «Տիկնիկային պարեր» բեմադրություններով: Մինչ օրս էլ թատրոնում պահպանվել է թատրոնի ամենառաջին աֆիշան:
83 տարի անց փոխվել է շատ բան՝ տարածքը, անվանումը, խաղացանկը, բայց չի փոխվել տիկնիկային թատրոնի նպատակն ու գերխնդիրը՝ արժեհամակարգ, դասականը երեխաներին ճանաչելի դարձնել:
Տիկնիկային թատրոնը փորձում է ձեռքը ժամանակի զարկերակին պահելով՝ սահուն կերպով իրականացնել սերընդափոխություն. վաստակաշատ դերասանների կողքին աշխատում են երիտասարդները, երիտասարդ ռեժիսորներն էլ հնարավորություն ունեն բեմադրելու՝ դասական գործերը՝ նոր ոգով, բայց պահելով հայկական հեքիաթի շունչը :
«Թեև այս ողջ ընթացքում Հայաստանի հնագույն թատրոններից մեկը ստեղծագործում է, սակայն, պետք է ավելի ակտիվ գործենք՝ հատկապես ակտիվացնելով թատրոնի հանրաճանաչման գործընթացքը: Փորձում ենք տիկնիկային բերել նորը՝ չկորցնելով հինը»,-նշեց երիտասարադ տնօրենը:
Խոսելով տիկնիկային խնդիրներից տնօրենն կարևորեց վերանորոգման և ներքին հարդարման հարցը: «Ավելի քան 30 տարի այս կառույցում վերանորոգում չի իրականացվել: Երբ հիմա նայում եմ, իմ սրտից արցունք է կաթում: Որպես մանկան թատրոն, շատ վատ վիճակում է: Փորձում ենք գտնել բարերարներ ու հովանավորներ՝ թատրոնը որոշակի շնչի բերելու»,-հավելեց Արմինե Մանուկյանը: