«Անկախությունը մեր իրավունքն է»․ Իրաքյան Քրդստանի նախկին ղեկավար Բարզանի
Международные новостиԻրաքյան Քրդստանի նախկին նախագահ Մասուդ Բարզանին քննադատել է հարևան ժողովուրդներին՝ հայտարարելով, որ իրենք բարեկամություն են առաջարկել հարևան ազգերին, մինչդեռ վերջիններս «անգամ լավ հարևան լինելը չընդունեցին»։
Ինչպես գրում է քրդական Rudaw գործակալությունը, Բարզանին նշել է, որ քուրդ ժողովուրդը չի հրաժարվել անկախության հասնելու իր նպատակից, և դա երկար, բարդ, բայց կարևոր գործընթաց է տարածաշրջանում։
«Անկախությունը մեր իրավունքն է, դա երկար գործընթաց է։ Մենք չենք ասել, որ հանրաքվեի հենց հաջորդ օրը անկախ ենք լինելու։ Բայց այս մասին արտահայտվելը մեր իրավունքն է»,- ասել է Բարզանին։
Նա նաև հերքել է այն լուրերը, թե 48 մլրդ դոլարի չափով անձնական միջոցներ ունի և ակնարկել, որ եթե այդքան հարուստ լիներ՝ Քրդստանի ճակատագիրն այլ կերպ կդասավորվեր։
«Ցավոք սրտի, սուտ է։ Եթե այդպես լիներ՝ հիմա շատ բան այլ կերպ կդասավորվեր»,- նշել է Բարզանին։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը:
Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել էր հակասահմանադրական և հայտարարել, որ Իրաքն այն չի ընդունելու:
Իրաքի իշխանությունները նաև հայտարարել են, որ բանակցություններ չեն վարելու Քրդստանի շրջանային կառավարության հետ քվեարկության արդյունքների վերաբերյալ: Հանրաքվեի անցկացմանը դեմ են հանդես եկել Թուրքիան և Իրանը, ինչպես նաև ԱՄՆ-ը և ՄԱԿ-ը:
Ավելի ուշ Իրաքի գերագույն դաշնային դատարանը Քրդստանի անկախության հանրաքվեն հակասահմանադրական ճանաչելու ու դրա արդյունքները չեղարկելու որոշում է կայացրել, Քրդստանի խորհրդարանն իր հերթին հայտնել էր, որ կհարգի դատարանի որոշումը։