Մադուրոն հայտնել է, թե որն էր իր դեմ մահափորձի նպատակը
Международные новостиՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր դեմ մահափորձի նպատակը երկիրը բռնության մեջ ընկղմելն էր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նրանք ցանկանում էին ոչ միայն մեզ սպանել, նախագահին սպանել, այլեւ սպանել երկիրը, խաղաղությունը, ժողովրդավարության գաղափարը, Վենեսուելայի քաղաքական եւ սոցիալական կյանքը լցնել բռնությամբ»,- ասել է նա պետական հեռուստատեսության եթերում:
Մադուրոյի պնդմամբ՝ ինքն անձամբ է տեսել անօդաչուն, որը դավադիրներն ուղարկել էին դեպի տրիբունա: «Այն մեծ աղմուկով անցավ մեր գլխավերեւով: Ես շարունակեցի խոսել, եւ ինչ-որ պահի դրոնը սկսեց շարժվել դեպի նախագահական տրիբունա: Դա վայրկյանի հարց էր, երբ հայտնվեց մեր առջեւ՝ պատրաստ մեզ սպանելու»,- ասել է Մադուրոն:
Նա ցուցադրել է զինծառայողներից մեկի գլխարկը, որը խոցվել էր դրոնի լիցքի պայթյունից, ցուցադրել է մետաղական գունդ՝ արյան հետքերով, որով գլխից վիրավորվել էր զինվորականներից մեկը: «Սա իմ դեմ էր եւ քո դեմ էր, սա ահաբեկչական հարձակում էր, մահափորձ»,- ասել է երկրի նախագահը:
Նրա խոսքով՝ գործել են ահաբեկիչների ընդամենը 2 խմբեր, որոնք կառավարել են դրոնները, դրանցից մեկը մարզվել է Կոլումբիայի Նորտե դե Սանտանդեր դեպարտամենտի Չինակոտե քաղաքում:
Մադուրոն նաեւ հայտնել է, որ առաջին կասկածյալներին ձերբակալել են հարձակումից հետո արդեն 10-15 րոպե անց: