Հարությունովի գործում կան էական խախտումներ, որոնց հեղինակները չպետք է անպատիժ մնան
ОбществоՎազգեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կեղծ դատաբժշկական եզրակացության թեման լայնորեն շրջանառվում է մամուլում, քանի որ հենց նրանց՝ փորձաքննությունն իրականացնող անձնակազմի կեղծ եզրակացության արդյունքում արդեն մեկ ամսից ավել կալանքի տակ է գտնվում Էդուարդ Բաբայանը։
Ցանկացած մասնագետ, փորձագետ կփաստի, որ այն եզրակացությունը, որ տվել է դատաբժիշկը, բացարձակ անհեթեթություն է, քանզի ինչպե՞ս կարող է կողոսկրը ջարդված, թոքը ծակված, բազմակի հարվածներ ստացած, ուղեղի ցնցում, սալջարդներ և այլ կոտրվածքներ ստացած մարդը ենթադրյալ դեպքից ընդամենը 2 օր հետո հարցազրույց տալ լրագրողներին, ժամերով կանգնել դատարանի առջև և այնտեղ էլ շատ ակտիվ կերպով, մասնավորապես՝ ձեռքերի շարժումներով ու ձայնի բարձր տոնայնությամբ պատասխանել լրագրողների հարցերին։ Ընդ որում ներկաները նկատել են, որ նրա դեմքի վրա չի եղել անգամ որևէ քերծվածք կամ բիծ:
Ցանկացած բժիշկ-մասնագետ կփաստի, որ նման վնասվածքներ ստացած անձի կողմից անհնար է այդպիսի ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել, այն էլ դեպքից ընդամենը 2 օր անց։ Նշեմ նաև,որ այս գործի վերաբերյալ հրապարակված տեսանյութերում ֆիքսված է վերոնշյալ փաստերը, ինչը հասանելի է բոլորին։ Ուստի այստեղից մնում է ենթադրել, որ դատաբժիշկը, ով տվել է նման եզրակացություն, չի գիտակցել իրավիճակի լրջությունը, չի հասկացել, որ նման եզրակացություն տալով՝ խաղում է այլ մարդու ճակատագրի հետ, ինչը սակայն նրան չի ազատում պատասխանատվությունից։ Միանգամայն պարզ է նաև, որ նա չի գործել մենակ, և եղել են անձինք, ովքեր հրահանգել են նրան այդպիսի եզրակացություն տալ:
Երեկ ենթադրյալ տուժող Վյաչեսլավ Հարությունովը արդեն որերորդ անգամ պատասխանել է լրագրողներին հուզող հարցերին։ Բացի նրանից, որ Հարությունովը երեկ հերթական անգամ հերքել է ենթադրյալ ծեծկռտուքի մասին լուրերը, նաև մանրամասներ է ներկայացրել ՀՔԾ-ում իր հետ անցակցրած հարցաքննության վերաբերյալ: Մասնավորապես, ըստ Հարությունովի, ՀՔԾ-ում հոգեբանական լուրջ ճնշում են գործադրել իր վրա, սպառնացել են, որ իրենց տրամադրության տակ ունեն այնպիսի տեսանյութեր, որոնք անհրաժեշտ ցուցմունքը չտալու դեպքում կհրապարակեն համացանցում և Հարությունովի նկատմամաբ հաշվեհարդար կտեսնեն, ու նա «խայտառակ կլինի ազգի առաջ»: Այս ամենի մասին Հարությունովը նաև ասել է Վերաքննիչ դատարանի նիստում, քննիչի և դատախազի ներկայությամբ, ինչը ամբողջությամբ ձայնագրված է:
Հարությունովը իր վերջին ասուլիսի ժամանակ նաև խնդրանքով դիմել է Նիկոլ Փաշինյանին և հրավիրել է նրա ուշադրությունը այս գործի մութ կետերի վրա, քանզի այս գործում կան էաական ու տեսանելի խախտումներ, որոնց հեղիանկները չպետք է անպատիժ մնան: