Գյուղատնտեսության նախարարությունը կաջակցի կարկտահարությունից տուժած համայնքներին
ЭкономикаԳյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 15-ին Շիրակի մարզում էր: Նախարարը շրջել է օրերս կարկտահարությունից տուժած Ազատան համայնքի ցանքատարածություններում, ծանոթացել ստեղծված իրավիճակին: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Արթուր Խաչատրյանը փաստեց՝ կատարվում է վնասի հաշվարկ: Նախարարը վստահեցրել է, որ կառավարության աջակցությունը չի ուշանա:
«Պետք է հիմա հաշվարկենք կարկտահարության վնասները, հաշվարկենք՝ հանրապետությունում բնական աղետները, որքան վնաս են պատճառել, համեմատենք պետության ֆինանսական կարողությունների հետ, որպեսզի հասկանանք, ինչ ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերում մեր գյուղացիներին: Պետք է գնահատենք և աջակցություն ցուցաբերենք գյուղատնտեսներին»,- նշեց նա՝ փաստելով, որ հանրապետությունում այս պահի դրությամբ վնասը կազմում է մոտ 6,5 միլիարդ դրամ:
Անցած տարի վնասը եղել է 12 մլրդ դրամ, 2016 թվականին՝ 30 մլրդ դրամ: Արթուր Խաչատրյանը տեղեկացրեց, որ նախարարությունը կդիտարկի նաև գյուղացիների՝ վարկային պարտավորությունների հետաձգման խնդրանքը. «Պետք է նաև բանկերի հետ այս խնդիրը դիտարկենք և հասկանանք՝ արդյոք այդ հնարավորությունը կա»: Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն անդրադարձավ նաև գյուղատնտեսական ապահովագրությանը՝ նշելով, որ նախարարությունը փորձնական ծրագիր կիրականացվի հանրապետության 3 մարզում՝ Արարատ, Արմավիր և Շիրակ: Նախարարն այցելել է նաև Գյումրու սելեկցիոն կայան: