Իտալիայի առաջնության մեկնարկը կարող է հետաձգվել
СпортԻտալիայի 2018-19թթ. առաջնության մեկնարկը, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի:
Առաջին տուրի խաղերն ավելի ուշ կանցկացվեն Ջենոա քաղաքում տեղի ունեցած ողբերգության պատճառով: Օգոստոսի 14-ին Ջենոայում փլուզվել է կամուրջ, որով անցնում է A10 ավտոմայրուղին։ Ողբերգության հետևանքով զոհվել է 38 մարդ, 15 հոգի վնասվածքներ է ստացել:
Ա Սերիայի մեկնարկը հետաձգելու առաջարկով հանդես է եկել «Սամպդորիայի» նախագահ Մասիմո Ֆերերոն.
«Ես զանգահարում եմ ակումբների նախագահներին: Ինքս կարող եմ հաստատել, որ այս շաբաթ մեր թիմը չի խաղալու: Արդեն խոսել եմ «Յուվենտուսի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտայի հետ: Նա ևս ասել է, որ խաղադաշտ դուրս չեն գա: Մենք չենք կարող սգո օրը խաղ անցկացնել: Անկախ նրանից, թե ինչ կորոշի Ա Սերիայի ղեկավարությունը՝ «Ջենոան», «Սամպդորիան» և «Ֆիորենտինան» որևէ հանդիպում չեն անցկացնի այս շաբաթ»,- ասել է Ֆերերոն RMC ռադիոկայանի եթերում:
Հավելենք, որ Իտալիայի առաջնությունը պետք է մեկնարկի օգոստոսի 18-ին. այդ օրը նախատեսված է անցկացնել երկու հանդիպում՝ «Կիևո»-«Յուվենտուս» և «Լացիո»-«Նապոլի»: