Գյանջայի ղեկավարի վրա հարձակման գործով Ադրբեջանում երկու մարդ է ձերբակալվել
Международные новостиԱդրբեջանի իշխանությունները հայտնել են, որ հանրապետության արևմուտքում գտնվող Գյանջա (Գանձակ) քաղաքի ղեկավարի վրա զինված հարձակման գործով երկու հոգի են ձերբակալվել: Այնտեղ բախումների ընթացքում ոստիկանության երկու սպա էին սպանվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ադրբեջանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյանջայի ղեկավար Էլմար Վելիևը և նրա թիկնապահ Հասիմ Աշբազովը տուժել էին հարձակման արդյունքում: Հանցագործության մեջ կասկածվող Ռուսաստանի 35-ամյա քաղաքացի Յունիս Սաֆարովը ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել էր դեպքի վայրում:
«Եվս երկու հոգի՝ Այդին Գուրբանովը և Փյարվիզ Բայրամովը, բերման են ենթարկվել Գյանջայի ղեկավարի վրա զինված հարձակման և անկարգություններ կազմակերպելու գործով: Ձերբակալվածների տանը կատարած խուզարկության արդյունքում զենք և զինամթերք է հայտնաբերվել»,- ասված է Գլխավոր դատախազության, Ներքին գործերի նախարարության և Ադրբեջանի ազգային անվտանգության տարածած համատեղ հաղորդագրությունում:
Հաղորդագրությունում նշված է, որ խուզարկության արդյունքում հայտնաբերվել է Կալաշնիկով տեսակի ինքնաձիգ և «Մարգոլինա» տեսակի հրազեն, ավելի քան 400 փամփուշտ և ֆաշիզմի ու ծայրահեղ կրոնական քարոզչություն պարունակող սկավառակ:
«Գուրբանովը և Բայրամովը բերման են ենթարկվել ըստ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 228.3-րդ հոդվածի (կազմակերպված խմբի կազմում անօրինական զենք ձեռք բերելը և պահելը) մեղադրյալի կարգավիճակով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է կալանավորումը»,- ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ ոստիկանությունը կանխարգելել էր Գանջայում տեղի ունեցող չարտոնված հանրահավաքը, շուրջ 40 մարդ բերման էր ենթարկվել, բախումների ընթացքում սպանվել էր երկու ոստիկան: Հանրահավաքի մասնակիցները հանդես են եկել Վելիևի նկատմամբ հարձակման գործով ձերբակալվածներին աջակցության կոչերով:
Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել: