Ջենովայում ոգեկոչել են ավտոմոբիլային կամրջի փլուզման զոհերի հիշատակը
Международные новостиԻտալական Ջենովայում այսօր սգո արարողություն է տեղի ունեցել՝ օրեր առաջ ավտոմոբիլային կամրջի փլուզումից զոհվածների հիշատակին:
Ինչպես հայտնում է DW.com-ը, արարողությանը մասնակցել են Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան և այլ բարձրաստիճան քաղաքական գործիչներ, այդ թվում` կառավարության անդամներ:
Սգո արարողությանը մասնակցել համաձայնել են 18 զոհի հարազատներ, մյուսները կամ բոյկոտել են միջոցառումը կամ որոշել են հրաժեշտ տալ հարազատներին այն վայրում, որտեղ վերջիններս բնակվում էին:
Ավելի վաղ իտալական La Stampa թերթը հաղորդել էր, որ զոհերի հարազատներից ոմանք երկրի կառավարությանը մեղադրել են ողբերգության համար՝ սգո արարողությունը «ցուցադրական» անվանելով:
Վերջին տվյալների համաձայն՝ ողբերգության զոհ է դարձել 42 մարդ, պաշտոնապես հաստատվել է 39 մարդու մահ: Օգոստոսի 18-ի գիշերը կամրջի փլատակների տակ մեքենա է հայտնաբերվել, որում երեք մարդու մարմին է գտնվել, այդ թվում և 9-ամյա աղջկա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին հորդառատ անձրևների ժամանակ փլուզվել է 45 մետր բարձրություն ունեցող կամրջի՝ ավելի քան 200 մետր երկարությամբ հատվածը: Այդ պահին կամրջի վրա ավելի քան 30 մարդատար ավտոմեքենա է եղել: