Ճապոնիայի ՊՆ-ն նախատեսում է ռեկորդային բյուջեի հայտ ներկայացնել
Международные новостиՃապոնիայի պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2019 ֆինանսական տարվա համար ռեկորդային` 5.3 տրիլիոն յեն (47.9 մլրդ դոլար) բյուջեի հայտ ներկայացնել, փոխանցում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով The Japan Times-ը։
Նշվում է, որ այս գումարը 100 մլրդ յենով (904,6 մլն դոլարով) գերազանցում է 2018 ֆինանսական տարվա բյուջեն։ Աղբյուրների խոսքով՝ բյուջեի աճը պայամանավորված է ամերիկյան Aegis Ashore հակահրթիռային պաշտպանության համակարգերի գնման մտադրությամբ, որը Ճապոնիայի ՊՆ-ն մտադիր է տեղայակել Ակիտա եւ Յամագուտի պրեֆեկտուրաներում։
Թերթը գրում է, որ գերատեսչությունը մտադիր է ուժեղացնել Ճապոնիայի պաշտպանությունը բալիստիկ հրթիռներից, քանի որ ենթադրում է, որ Փհենյանից բխող սպառնալիքը չի փոխվել նույնիսկ ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովից հետո։
Հուլիսի վերջին լրատվամիջոցները հայտնել էին, որ Ճապոնիայի ՊՆ-ն նախատեսում է 20-30 տոկոսով ավելացնել Aegis Ashore հակահրթիռային պաշտպանության երկու համալիրների տեղակայման ծախսերը։ Ճապոնիայի կառավարությունը Aegis Ashore-երի գնմանը հավանություն էր տվել 2017 թվականի դեկտեմբերին։ Համալիրների արժեքը կազմում է 1,8 մլրդ դոլար։