Դեսպան Թումանյանը հանդիպել է իրանցի գործարարների հետ
ЭкономикаՕգոստոսի 27-ին Թեհրանի ազատ տնտեսական գոտիների կազմակերպության նիստերի դահլիճում ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել իրանցի շուրջ 50 գործարարի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ՀՀ դեսպանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, գործարար միջավայրի առավելությունները, ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի ընձեռած հնարավորությունները:
Միջոցառման ընթացքում ցուցադրվել են տեսանյութեր Հայաստանում տնտեսական գործունեության առանձնահատկությունների և ներդրումներ կատարելու պայմանների մասին, ինչպես նաև ներկաներին տրամադրվել է ամփոփ տեղեկություն Հայաստանում իրականացվող տնտեսական ծրագրերի, հարկային և մաքսային օրենսդրության վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցել է նաև Մակուի ազատ տնտեսական գոտու փոխտնօրեն Էբրահիմ Ջալիլին, ով պատրաստակամություն է հայտնել գործարարների խումբ ուղարկել Հայաստան՝ մասնակցելու սեպտեմբերին Երևանում կայանալիք «Armenia Expo 2018» ցուցահանդեսին և գործնական մի շարք հանդիպումներ ունենալ:
Միևնույն ժամանակ Էբրահիմ Ջալիլին դեսպանին Թումանյանին հրավիրել է Մակուի ԱՏԳ՝ տեղում ծանոթանալու երկկողմ տնտեսական համագործակցության հնարավորություններին: