Ֆաենբերգ Սարգսյանի 70-ամյա հոբելյանը նշանավորվեց նկարչի անհատական ցուցահանդեսով
Культура Նկարիչ Ֆաենբերգ Սարգսյանի «Մարիան արևածաղիկներով», «Մտորում», «Ղարաբաղ», «Իմ ընտանիքը» և 51 գունեղ, պայծառ այլ կտավներ են ներկայացված նրա անհատական ցուցահանդեսում: Հեղինակի 70-ամյակին նվիրված միջոցառումն անցկացվեց սեպտեմբերի 4-ին Հայաստանի նկարիչների միությունում:
«Ֆաենբերգի արվեստն իր էությունն է: Արտաքնապես համեստ անձնավորություն է, բայց ունի թաքնված եռանդ, կրակ, որն արտացոլվում է նրա ստեղծագործություններում: Ոչ բոլորին է տրված այդ կարողությունը»,- ցուցահանդեսի բացմանը նշեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Խաչատուր Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանի խոսքով` ճշմարիտ արվեստագետի կարևորագույն խնդիրներից մեկը անհատականության, մարդու և բնության ընկալման սեփական մոտեցումը դրսևորելն է:
«Մենք ներկա ենք մի նկարահանդեսի, որտեղ ցուցադրվում են արդի հայ նկարչության լավագույն ներկայացուցիչներից մեկի ինքնատիպ աշխատանքները: Տեսնում ենք ամուր գծանկար, պինդ գույն. մանրավազի միջոցով նկարիչը հասնում է իր արվեստի գագաթին»,- ասաց Հակոբյանը` ուժ, եռանդ մաղթելով Սարգսյանին:
«Իմ գործերի շատ փոքր մասն է այստեղ ներկայացված: Ցուցահանդեսների եմ մասնակցել նաև արտերկրում. հետաքրքիր է` ամենուր փաստում են, որ իմ կտավներում մեծ էներգիա և խորհուրդ կա: Անգամ ես եմ զարմանում. տպավորություն է, որ ստեղծագործություններս սահմաններից դուրս են»,- խոստովանեց նկարիչը:
Սարգսյանն առանձնացրեց «Իմ ընտանիքը» վերտառությամբ կտավը, որտեղ հեղինակի ընտանիքի անդամների ձեռքում իսկական հայելի կա: Նա ասաց, որ երբ մարդը նայում է հայելու մեջ, ակամայից դառնում է նկարի մասնիկը: «Շատ էի ցանկանում այն Միխայիլ Գորբաչովը տեսնի: Ուզում էի` նայի հայելու մեջ ու հասկանա՝ արդյոք իրավունք ունի՞ մտնել մեր երկիր ու խառնվել մեր երկրի հարցերին»,- շեշտեց նա:
Անդրադառնալով «Ղարաբաղ» կտավին` հեղինակն ընդգծեց, որ այն նկարել է 1980 թվականին. կտավում Ղարաբաղը Հայաստանի մասն է: «Իմ գործերում կանխազգացումներ կան»,- եզրափակեց նա:
«Սարգսյանի կտավներն անձնական խորը ապրումների արտացոլումներ են, որտեղ գույնը, ծավալը, համարձակ և զորեղ վրձնահարվածները` հեռու ավելորդ էսթետիզմից, զարմանալի զորությամբ բացում են կյանքի բնության վերժամանակյա խորհուրդը»,- Ֆաենբերգ Սարգսյանի արվեստի մասին ասել է արվեստաբան Սարո Սարուխանյանը:
Միջոցառումն իրականացվեց Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նախաձեռնությամբ:
Ֆաենբերգ Սարգսյանը ծնվել է 1948 թվականին Ձորաշենում: Հաճախել է Նիկոլայ Քոթանջյանի և Շավարշ Վաղարշակյանի արվեստի դպրոց: 1975-ին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի նկարչագծագրական ֆակուլտետը: 1976 թվականից մինչ օրս դասավանդում է Մանկավարժական համալսարանի կերպարվեստի ամբիոնում: Նա Հայաստանի նկարիչների միության անդամ է, ՀՀ Գիտատեխնոլոգիական ազգային ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր:
Ֆաենբերգ Սարգսյանը հանրապետական և միջազգային բազմաթիվ ցուցահանդեսների մանակից է, մի շարք գիտական հոդվածների հեղինակ: