Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկվել է գազի գնագոյացման մեխանիզմների ուսումնասիրության հարցը․ Նիկոլ Փաշինյան
ЭкономикаՎլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկել ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, բոլոր այն հնարավոր հարցերը,որոնք կարելի էր քննարկել։
Այս մասին Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝անդրադառնալով հարցին՝ արդյոք ՌԴ նախագահի հետ հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանի հետ կապված քննարկում եղել է։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք գազի սակագնի իջեցում լինելու է։
«Ես Ռուսաստանի նախագահին ներկայացրի գազի սակագնի շուրջ ստեղծված իրավիճակը, ես նրան ասացի, որ 150 դոլարով գազ ստանում է ոչ թե ՀՀ-ը, այլ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, և մենք պայմանավորվեցինք, որ համատեղ ուժերով կուսումնասիրենք գնագոյացման ամբողջ մեխանիզմը և նաև դրա հիմքում դրված պայմանագրային բազան և ըստ այդմ կարձանագրենք, թե ինչ է տեղի ունենում՝ անելով հետևություններ։Կարծում եմ՝ՌԴ նախագահի համար ինֆորմացիան նոր էր,երբ ես նրան ասացի, որ այնպես չէ, որ իրականում ՀՀ բնակիչներն էժան գազ են ստանում, որովհետև ԱՊՀ տարածքում ամենաթանկ գներից մեկն է ՀՀ-ում գազի գինը»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը մանրամասնեց, որ ի պատասխան՝ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ինքը անձամբ է հրահանգել,որ Հայաստանին էժան գազ մատակարարվի, որպեսզի ՀՀ քաղաքացիների համար գազն ավելի մատչելի լինի. ՌԴ նախագահը նույնիսկ հիշել է, որ ժամանակին այդպես է արել Գյումրի այցելությունից հետո, երբ համոզվել է, որ մարդկանց սոցիալական վիճակն այնքան էլ լավ չէ, և ցանկացել է այդ որոշմամբ նպաստել մարդկանց սոցիալական վիճակի բարելավմանը։Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ասել է, որ այդ որոշումը գործնականում այդքան էլ իր նպատակին չի ծառայել։