Սուրեն Պապիկյանը նախարարությունները մարզեր տեղափոխելը իրատեսական, բայց ծախսատար է համարում
ЭкономикаՀայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Հայաստանում ապակենտրոնացման խնդիր է տեսնում: Սեպտեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով գերատեսչությունների, պետական մարմինների մարզեր տեղափոխման հարցին, ասաց, որ դա բավական իրատեսական է, բայց միևնույն ժամանակ ծախսատար:
«Այսօր մենք քաղաքացիական ծառայողին վճարում ենք 60 հազարից մինչև 200 հազար դրամ աշխատավարձ: Մարդը, ով տարիներ շարունակ աշխատել է տվյալ գերատեսչությունում, արդյոք շահագրգռված կլինի տեղափոխվել այլ մարզ, երբ տան վարձը լինելու է իր աշխատավարձի մի մասը»,- պարզաբանեց Պապիկյանը՝ հավելելով, որ տեղափոխման հետ կապված հարց պետք է դնել բաձր վարձատրվող գերատեսչությունների վրա, օրինակ, ինչպիսին կենտրոնական բանկն է, կամ ֆինանսների նախարարությունը:
«Մարզեր տեղափոխվելու համար պատրաստակամություն կա, բայց պետք են նաև հավելյալ միջոցներ»,- ասաց նախարարը՝ վստահեցնելով, որ Հայաստանի քաղաքները պետք է դառնան տնտեսական զարգացման տաբեր բևեռներ, և այդ տնտեսական զարգացումը պետք է լինի քաղաքի և աշխարհագրական միջավայրին համապատասխան: