ՀՀ Անկախության տոնի շրջանակում Երևանում կայացան բազմաթիվ համերգային ծրագրեր
КультураՀՀ անկախության 27-ամյակին նվիրված միջոցառումներն ուղեկցվեցին տարբեր ժանրերի համերգներով՝ ընդգրկելով ռոք երաժշտությունից մինչև հայկական ժողովրդական երգերի կատարումներ: Համերգների ժանրային զանազանությունը քաղաքացիներին ընտրության մեծ հնարավորություն ընձեռեց ունկնդրելու իրենց ճաշակին համապատասխան երաժշտություն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երաժշտական կատարումներից հատուկ ուշադրության արժանացան հայկական ժողովրդական երգերը: Համերգի ընթացքում ելույթ ունեցան մի շարք հայտնի խմբեր, ինչպիսիք են Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբը, Հայաստանի ազգային նվագարանի պետական նվագախումբը, «Ակունք» ազգագրական երգի-պարի համույթը, Գուսանական և ժողովրդական երգի-պարի պետական համույթը, «Գութան» փառատոնի «Վերադարձ» և «Մասունք» ազգագրական խմբերը՝ Արսեն Գրիգորյանի ղեկավարությամբ:
52-ամյա Սարգիս Գալստյանը Շիրակի մարզից ընտանիքի հետ եկել էր Երևան, որպեսզի անձամբ շնորհավորեր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ունկնդրեր «Մասունք» և «Վերադարձ» խմբի երաժշտական կատարումները: «Այս տարվա անկախության տոնն իսկական էր: Դու քեզ անկախ ես զգում այն ժամանակ, երբ սկսում ես ազատ գործել, մոտենալ երկրի ղեկավարին ու հայտնել մտահոգությունդ ինչ-որ հարցի շուրջ, ունկնդրել քո սրտի երաժշտությունը: Դու անկախ ես, երբ հանուն երկրի բարօրության անում ես այն, ինչ սիրտդ է թելադրում»,- նշեց Սարգիս Գալստյանը` հավելելով, որ ուրախանում է այն հանգամանքից, որ անկախության 27-ամյակին նվիրված միջոցառումներ կազմակերպվել են նաև ՀՀ տարբեր մարզերում:
Հանրապետության հրապարակում քաղաքացիներին, հյուրերին և, հատկապես, երեխաներին զվարճացրել են ծաղրածուներն ու հեքիաթների հերոսները, Շահումյանի արձանի մոտ երգել են լսողական խնդիրներ ունեցող երեխաները, ելույթ են ունեցել պարի ու երգի մանկական խմբերը: